Փորձագետ. Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղն ավելի ագրեսիվ է ընթանում

15 հոկտեմբերի, 2018  14:30

Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղն ավելի ագրեսիվ է ընթանում: Այս մասին հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային թերապիայի բաժանմունքի վարիչ Հովհաննես Վարդեւանյանը:

Տղամարդկանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղը զգալիորեն ավելի հազվադեպ է հանդիպում, քան կանանց շրջանում. Վարդեւանյանի խոսքով՝ 19 տարում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հայտնաբերվել է շուրջ 30 դեպք: Միաժամանակ, իր ագրեսիվ ընթացքի պատճառով քաղցկեղի այս տեսակը կարող է ուժեղ սեռի ներկայացուցիչներին լուրջ վտանգ սպառնալ: Սրա հետ կապված փորձագետը տղամարդկանց խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել կրծքի ցանկացած փոփոխության վրա եւ փոփոխություն նկատելու դեպքում անմիջապես բժշկի դիմել:

Տագնապահարույց նշաններ կարող են լինել մաշկի փոփոխությունները, պտուկի ձեւի փոփոխությունները, պտուկից արյունոտ հեղուկի արտադրությունը:

Ինչ վերաբերում է կանանց, ապա Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցքային հիվանդությունների այլ տեսակների շարքում առաջատար դիրքեր է գրավում: Վարդեւանյանը շեշտեց, որ վաղ փուլերում կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերումը առանցքային դեր է խաղում բուժման հաջողության գործում:

Մինչեւ 35 տարեկան կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար գինեկոլոգի մոտ խորհրդատվություն ստանալ, որը կարող է հետազոտել կրծքագեղձը՝ ստուգելով կոշտացումների առկայությունը եւ անհրաժեշտության դեպքում ուղարկել էխոգրաֆիայի: 35 տարեկանից հետո խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ մամոգրաֆիա անցնել: Կապված այն հանգամանքի հետ, որ հոկտեմբերը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ժամանակահատված, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում այս ժամանակահատվածում մամոգրաֆիան անցկացվում է նախկին 20 հազար դրամի փոխարեն 15 հազար դրամով:

Վարդեւանյանը նշեց, որ կանայք չպետք է արհամարհեն կանխարգելիչ հետազոտությունները, հատկապես հաշվի առնելով այն, որ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա ազդում է այնպիսի գործոնների հանրագումարը, ինչպիսին են՝ գենետիկ նախահակվածությունը, վնասակար սովորությունները, կրծքագեղձի վնասվածքները, սթրեսը:

Փորձագետը նշեց Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրերի անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ այս հարցը բազմիցս  քննարկվել է Հայաստանի առողջապահության նախարարության մակարդակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում