Ֆասթ ֆուդը վտանգավոր է կանանց երեխաների եւ անգամ թոռների համար. հետազոտություն

15 հոկտեմբերի, 2018  19:24

Այն կանայք, որոնք շատ են ուտում վերամշակված սնունդ եւ ֆասթ ֆուդ, վնաս են հասցնում ոչ միայն սեփական, այլեւ իրենց երեխաների, թոռների եւ նույնիսկ ծոռների առողջությանը: Այս մասին զգուշացնում են University of Zurich-ի գիտնականները:

Նրանց խոսքով՝ ֆասթ ֆուդը կարող է երեխաների, թոռների եւ ծոռների մոտ ճարպակալման, դիաբետի, ալկոհոլամոլության եւ թմրամոլության զարգացում հարուցել, եթե անգամ նրանք ճիշտ սնվեն:

Հետազոտության շրջանակում գիտնականները մկներին կերակրել են յուղոտ կերակուրով: Պարզվել է, որ յուղոտ սնունդով կերակրված էգերը մինչեւ հղիությունը, հղիության ժամանակ եւ հղիությունից հետո իրենց ձագերին են փոխանցել մետաբոլիկ խնդիրներ եւ կախվածությունների հանդեպ հակում: Էֆեկտն արտահայտվել է ձագերի 3 սերունդի մոտ:

Հետաքրքիր է, որ ոչ մի դերակատարում չի ունեցել այն հանգամանքը, թե իրենց՝ էգերի մոտ ճարպակալում արդյոք  զարգացե՞լ է եւ նրանց սերունդն արդյոք օգտագործե՞լ է վնասակար մթերքներ: Գիտնականների խոսքով՝ նյութափոխանակության եւ վարքագծի (թմրամոլություն, ալկոհոլամոլություն) խնդիրներն արդեն ներառվել են սերունդի գենոմի մեջ:

Գիտնականները համոզված են, որ իրենց եզրահանգումներն արդիական են նաեւ տղամարդկանց համար, այլ ոչ միայն կանանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում