Գաջեթները դեռահասների մոտ դեպրեսիա եւ տագնապայնություն են առաջացնում

5 նոյեմբերի, 2018  15:15

Գաջեթները դեռահասների մոտ դեպրեսիա եւ տագնապայնություն են առաջացնում: Այսպիսի եզրակացություն են կատարել ամերիկացի գիտնականները, հայտնում է Preventive Medicine Report ամսագիրը:

Հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են 2016 թվականին երեխաների առողջության մասին ծնողների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Սա թույլ է տվել որոշել գաջեթների էկրանների առջեւ անցկացված ժամանակի եւ երեխաների ու դեռահասների հոգեկան վիճակի միջեւ օրինաչափությունը:

Այսպես՝ 14-17 տարեկան դեռահասների մոտ, որոնք ամեն օր գաջեթների էկրանների առջեւ 7 եւ ավելի ժամ են անցկացրել, հոգեկան խնդիրներն ավելի զգալի են արտահայտվում, քան նրանց այն տարեկիցների մոտ, որոնք դրան օրական մեկ ժամ են հատկացնում: Խոսքն այնպիսի խանգարումների մասին է, ինչպիսին են դեպրեսիան եւ տագնապայնությունը:

Գիտնականների կարծիքով՝ գաջեթների երկարատեւ օգտագործումը փոխկապված է հետաքրքրասիրության, ինքնակառավարման, էմոցիոնալ կայունության նվազման, ինչպես նաեւ ուշադրության շեղման մեծացման հետ: Դրանից բացի, օրական մեկ եւ ավելի ժամ գաջեթներն օգտագործող երեխաները հաճախ են բախվում տարեկիցների հետ շփումների դժվարությունների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում