Բնածին շեղման պատճառով երեխայի գլխին «սատանայի եղջյուրներ» են հայտնվել (ֆոտո)

12 նոյեմբերի, 2018  19:45

Չափազանց հազվագյուտ բնածին շեղման պատճառով երեխայի գլխին «սատանայի եղջյուրներ» են հայտնվել:

The Daily Mail-ը հայտնում է, որ Քլին Սոլանոյի մոտ ախտորոշվել է հիդրաէնցեֆալիա: Սա գլխուղեղի բնածին շեղում է, որին հատուկ է մեծ կիսագնդերի ամբողջական կամ գրեթե ամբողջական բացակայությունը, որոնք փոխարինված են ողնուղեղի հեղուկով լցված խոռոչով: Այս հազվագյուտ արատի հաճախակիությունը կազմում է 18 հազար նորածնին մեկ դեպք: Հիվանդների մոտ բացակայում է գանգոսկրը:

Հիմա Քլինը 22 ամսական է: Նա մարտին վիրահատվել է, բայց քանի որ ուղեղը չէր ձեւավորվել, գանգոսկրերը «փլվել» են՝ երեխայի գլխին թողնելով կարծրացումներ, որոնք նման են սատանայի եղջյուրների:

Քլինը բուժում է ստանում ֆիլիպինյան բժշկական կենտրոններից մեկում: Նրան կերակրում են հատուկ խողովակով: Դրանից բացի, երեխան չի կարողանում շնչել առանց շնչառական խողովակի, որը պետք է փոխել յուրաքանչյուր կես տարին մեկ:

Քլինի վիճակը վատթարանում է, քանի որ նրա «եղջյուրը» շարունակում է աճել: Արատը շտկելու համար անհրաժեշտ է գանգի վերականգնման վիրահատություն: Չնայած այն հանգամանքին, որ հիդրաէնցեֆալիայի ժամանակ ողջ մնալու հավանականությունը նվազագույն է, եւ երեխաներից շատերը մահանում են կյանքի առաջին տարում, Քլինին բուժող բժիշկները ավելի լավատեսական կանխատեսումներ են անում:

Սովորաբար նման ախտորոշմամբ երեխաների մոտ դիտվում են ջղաձգումներ, մտավոր զարգացման արգելակում, տեսողության խնդիրներ, ինչն արդյունքում հաշմանդամության է բերում: Զարգացման այս շեղման արդյունավետ բուժում գոյություն չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում