Տաք լոգանքներն օգտակար են. գիտնականներ

16 նոյեմբերի, 2018  15:15

Տաք լոգանքը կարող է նվազեցնել մարդկանց մոտ բորբոքումների եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Այսպիսի անսպասելի եզրակացություն են կատարել Լաֆբորո համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Applied Physiology-ում:

Գիտնականները փորձ են անցկացրել, որի ժամանակ քիչ ակտիվ գեր տղամարդիկ ընդունել են 39 աստիճան ջերմությամբ ջրի չափավոր տաք լոգանքներ: Կամավորները մինչեւ վիզը սուզվել են ջրում եւ որոշ ժամանակ այդպես անցկացրել:

Նախորդ հետազոտություններում արդեն հայտնաբերվել էր փոխկապվածություն մարդու մարմնի ջերմաստիճանի եւ ազոտի օքսիդի արտադրման միջեւ՝ նյութ, որն օգնում է արյան հետ գլյուկոզան օրգանիզմում տեղափոխելուն: Այս անգամ կամավորների սրտի ռիթմի եւ զարկերակային ճնշման չափումները ցույց են տվել, որ նույնիսկ մեկ անգամ տաք լոգանք ընդունելը մեծացնում է ազոտի օքսիդի եւ այլ նյութերի արտադրումը, որոնք բարելավում են գլյուկոզայի մետաբոլիզմը:

Հետազոտության շրջանակում տղամարդիկ ամեն օր տաք լոգանք են ընդունել: Որոշ ժամանակ անց դա բերել է սոված վիճակում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազման:

Միաժամանակ, տաք լոգանքները հակացուցումներ ունեն: Այսպիսի լոգանքներ չի կարելի ընդունել մի քանի քրոնիկական հիվանդությունների դեպքում, օրինակ՝ ցիստիտի եւ միզասեռական համակարգի հիվանդությունների, սուսանակի, մաշկաբանական խնդիրների դեպքում: Նաեւ կարծիք կա, որ նման լոգանքները բացասաբար են անդրադառնում տղամարդկանց ֆերտիլության վրա, քանի որ լոգանք ընդունելիս ամորձիները, որոնց ջերմաստիճանը պետք է մարմնի ջերմաստիճանից ցածր լինի, տաքանում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում