Հարսանիքից կես տարի անց 34-ամյա կինը հազվագյուտ ինֆեկցիայի պատճառով զրկվել է երկու աչքից եւ ուղեղի մի մասից

17 նոյեմբերի, 2018  12:00

Բժիշկները պայքարում են երեք երեխաների մոր՝ 34-ամյա Ջեսիկա Վելդոնի կյանքի համար, ում մոտ զարգացել է հազվագյուտ ինֆեկցիա:

The Daily Mail-ը հայտնում է, որ ընդամենը 7 ամիս առաջ Ջեսիկայի հարսանիքն էր իր երեխաների հոր հետ: Նա սեպտեմբերին տկարություն է զգացել եւ դիմել բուժօգնության: Պարզվել է, որ նրա մոտ զարգանում է մուկորմիկոզ՝ ինֆեկցիա, որի տարածվածությունը կազմում է 1 մլն մարդուն 1,7 դեպք: Մուկորմիկոզը ուղեղի կամ թոքերի մեջ հայտնվելու դեպքում կարող է բերել ջղակծկումների, կաթվածի, թոքաբորբի եւ նույնիսկ մահվան:

Ջեսիկայի դեպքում իրավիճակը ծանրացնում է այն, որ նա հիվանդ է համակարգային կարմիր գայլախտով, որի ժամանակ մարդու իմունային համակարգի արտադրած հակամարմինները վնասում են առողջ բջիջները: Սա նշանակում է, որ կնոջ օրգանիզմը չի կարող պայքարել մուկորմիկոզի դեմ:

Ջեսիկան արդեն 11 վիրահատության է ենթարկվել, հեռացրել են նրա 2 աչքը եւ ուղեղի մի մասը: Չնայած բժիշկները չեն շտապում լավատեսական կանխատեսումներ կատարել, նրա մերձավորները շարունակում են հրաշքի հավատալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում