Հղիության ժամանակ պարացետամոլի ընդունումը կարող է նվազեցնել երեխայի IQ-ն

19 նոյեմբերի, 2018  19:22

Հղիության ժամանակ պարացետամոլի ընդունումը կարող է նվազեցնել երեխայի IQ-ն եւ մեծացնել աուտիզմի ու ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշի (ADHD) զարգացման հավանականությունը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով ԱՄՆ մի շարք համալսարանների հետազոտությունները:

Հետազոտությանը մասնակցել է 150 հազար մայր եւ նորածին: Պարզվել է, որ պարացետամոլն անմիջաբար ազդում է արգանդում հորմոնալ հաշվեկշռի վրա: Նախկինում գիտնականները կապ են հայտնաբերել նաեւ հղիության ժամանակ պարացետամոլ ընդունելու եւ հետագայում երեխայի խոսքի զարգացման հապաղման միջեւ:

Պարացետամոլը սովորաբար հնարավոր է գնել առանց դեղատոմսի, ընդ որում՝ հղիներն այն հաճախ են խմում: Մինչդեռ հղիության շրջանում պարացետամոլ ընդունելը 30 տոկոսով մեծացնում է երեխայի մոտ ADHD զարգացման հավանականությունը, իսկ աուտիզմի՝ 20 տոկոսով:

Սրա հետ կապված՝ մասնագետները կանանց խորհուրդ են տալիս հղիության ժամանակ պարացետամոլի ընդունումը նվազագույնի հասցնել: Գիտնականները նաեւ համոզված են, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ավելի անվտանգ անալգետիկների մշակմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում