Ծխելը թողնելու փորձերը կարող են մեծացնել ծխախոտից կախվածությունը

22 նոյեմբերի, 2018  10:45

Ծխելը թողնելու փորձերը կարող են մեծացնել ծխախոտից կախվածությունը: Journal of Consulting and Clinical Psychology-ն հայտնում է, որ որքան շատ են ձեռնարկվում այս վնասական սովորությունից հրաժարվելու փորձեր, այնքան մեծ է հավանականությունը, որ մարդը կձախողվի եւ կվերադառնա ծխելուն:

Հարավային Կարոլինայի Բժշկական համալսարանի մասնագետների կարծիքով՝ ծխելը թողնելու բազմակի փորձերը էմոցիոնալ առումով ծխողին հյուծում են, ինչը եւ ծխելու սաստիկ ձգտում է առաջացնում:

Հոգեզգայական առավել ուժգին անկում է դիտվում ծխելուց հրաժարվելուց հետո առաջին 6 շաբաթներին: Սա վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր առաջին անգամ են փորձում ծխելը թողնել, այլեւ նրանց, ովքեր նախկինում արդեն համանման փորձեր ձեռնարկել են:

Գիտնականները վստահ են, որ մարդը որքան շատ է ծխելը թողնելու փորձեր ձեռնարկում, այնքան նրա հաջողության հնարավորությունները քիչ են: Ծխելուց հրաժարվելու հաճախակի փորձերը միայն հաճախացնում են ձախողումների եւ ծխելուն վերադառնալու թիվը:

Մինչդեռ, JAHA ամսագրում հրապարակված մեկ այլ հետազոտության մեջ նշվում է, որ հասարակական վայրերում ծխելու արգելքը դրական է ազդում առողջության վրա: Պարզվել է, որ սիստոլիկ ճնշումը զգալիորեն ցածր է ԱՄՆ այն շրջաններում բնակվող չծխողների շրջանում, որտեղ գործում է ռեստորաններում, բարերում կամ աշխատավայրում ծխելու արգելքը:

Բժիշկները համոզված են, որ սա կարող է ազդել սրտի նոպաների հաճախակիության, ինչպես նաեւ կյանքի միջին տեւողության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում