Միջնադարյան Եվրոպայում ժանտախտի տարածման պատճառն է եղել առեւտրի զարգացումը: PNAS ամսագրում հրապարակված հոդվածում նշված է, որ «սեւ մահը» եվրոպական երկրներ են բերել Ռուսիայից եւ Ոսկե հորդայից մորթեղենի վաճառականները, որոնք մուշտակներ էին գնում Ուրալում:
Գենետիկներն իրենց եզրահանգումները հիմնավորում են հնագույն ժանտախտի ցուպիկի գենոմների հետազոտության արդյունքներով, ինչպես նաեւ միջնադարյան քրոնիկայով: Նախկինում տարածված կարծիքի համաձայն՝ մահացու վտանգավոր հիվանդության տարածման պատճառն առնետներն էին:
Գիտնականները համեմատել են Դանիայի եւ Իտալիայի բնակավայրերից, ինչպես նաեւ հորդայի Բոլգարից, Օսլոյից, Լոնդոնից, Մարսելից, Բարսելոնից եւ այլ միջնադարյան քաղաքներից ժանտախտի մի քանի տասնյակ զոհերի ոսկորներից վերցված ԴՆԹ-ի հատվածները:
Անալիզով պարզվել է, որ Ֆրանսիայի եւ Կատալոնիայի որոշ շրջաններ ժանտախտի ցեղակից շտամները գործնականում միաժամանակ են թափանցել: Դրա հետ մեկտեղ նույն 1348 թվականին Իտալիայում տարածված Yersinia pestis ժանտախտի ցուպիկը տարբերվել է մուտացիաների մի փոքր այլ լրակազմով: Որքան էլ տարօրինակ է, Yersinia pestis մարդասպան-բակտերիաները, որոնք 1361 թվականին Լոնդոնում հազարավոր բնակիչների մահվան պատճառն էին, մուտացիաների լրակազմ են ունեցել, որոնք ամբողջությամբ նույնական էին Բոլգարի եւ Դանիայի ժանտախտի ցուպիկներին:
Վերլուծելով ստացած տեղեկությունները եւ այն համեմատելով այն ժամանակների արաբական ու ռուսական քրոնիկայի հետ՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ «սեւ մահի» հայրենիքը Ուրալն էր, իսկ տարածեղներն էին Ոսկե հորդայից եւ Ռուսիայից մորթեղենի վաճառականները:
Մոտ 1330-1340 թվականներին՝ ժանտախտի առաջին բռնկումներից կարճ ժամանակ առաջ, ստեղծվել է առաջին միջանցիկ առեւտրային երթուղին, որը կապում էր Ոսկե հորդայի արեւելյան շրջանները եւ հարեւան ռուսական իշխանական պետությունները:
Այս երթուղին հարկային արտոնությունների հետ միասին թույլ է տվել հորդայի եւ ռուս վաճառականներին մորթեղեն գնել Մերձուրալում եւ Անդրուրալում՝ այն հետագայում արեւմտյան երկրներում վաճառելու նպատակով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում