Աերոբիկան եւ թեթեւ աթլետիկան երկարաձգում են երիտասարդությունը

29 նոյեմբերի, 2018  16:15

Գիտնականները համամիտ են, որ ակտիվ կենսակերպը չափազանց կարեւոր է մարդու առողջության համար: Նոր հետազոտությունները վկայում են, որ աերոբիկան եւ թեթեւ աթլետիկան կարող են դանդաղեցնել մարդու օրգանիզմում բջիջների ծերացման գործընթացը:

European Heart Journal ամսագիրը հայտնում է, որ գիտնականները մոտ 300 կամավորի մասնակցությամբ, որոնց բաժանել են 3 խմբի,  փորձ են կատարել: Մի խումբը կես տարի զբաղվել է աերոբիկայով, մյուսը՝ հաջորդաբար թեթեւ եւ ծանր մարզումներով: Երրորդ խմբի մասնակիցները ուժային մարզասարքերի վրա մկաններն են մարզել:

Փորձի ժամանակ գիտնականները հետեւել են, թե ինչպես են փոխվում մասնակիցների տելոմերները (քրոմոսոմների վերջնամասերը, որոնք պաշտպանական գործառույթ են իրականացնում):

Պարզվել է, որ նրանք, ովքեր զբաղվել են վազքով, աերոբիկայով, թիավարությամբ եւ հեծանվասարքերով, տելոմերների ակտիվությունը 2-3 անգամ աճել է: Սա նշանակում է, որ այս կատեգորիայի բջիջները մասնակիցների օրգանիզմում ավելի դանդաղ են ծերացել:

Մինչդեռ նրանք, ովքեր մարզասարքերով են մարզվել, նրանց մոտ նման օրինաչափություն չի հայտնաբերվել:

Գիտնականները մտադիր են իրենց եզրակացությունները հաստատել ավելի լայնածավալ հետազոտությունների ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում