Քաղցկեղի դեմ դեղերը կարող են արդյունավետ լինել պապիլոմա վիրուսի բուժման համար

6 դեկտեմբերի, 2018  09:22

Հակաքաղցկեղային դեղամիջոցները, ինչպես վորինոստատը, բելինոստատը եւ պանոբինոստատը կարելի է օգտագործել մարդու պապիլոմայի վիրուսով (ՄՊՎ) վարակվելու հետեւանքով զարգացող հիվանդությունների բուժման համար: Մինչկլինիկական փորձարկումների ընթացքում այսպիսի եզրակացության են հանգել University of Alabama-ի գիտնականները:

ՄՊՎ-ն համարվում է շատ վտանգավոր վիրուս եւ կարող է բերել արգանդի վզիկի, հեշտոցի, ուղիղ աղիքի եւ կոկորդի քաղցկեղի զարգացման: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութեր կան, սակայն դրանք խորհուրդ է տրվում ներարկել մինչեւ սեռական կյանքով ապրելը՝ մինչ այն, երբ մարդը կհասցնի վիրուսով վարակվել:

Իսկ եթե մարդն արդեն ՄՊՎ-ով վարակվել է, վիրուսային ակտիվությունն առավել հաճախ սկսում է արտահայտվել արգանդի վզիկի, առնանդամի եւ հետանցքի էպիթելերում, ինչպես նաեւ բերանի խոռոչի ու կոկորդի էպիթելերում: Վիրուսային ակտիվությունը մեծապես կախված է բջիջների դիֆերենցման պրոցեսից եւ լիարժեք էպիթելերի վերափոխվելուց: ՄՊՎ-ն դիֆերենցված բջիջներում վերաակտիվացնում է ԴՆԹ-ի ռեպլիկացիան (տեղի է ունենում վիրուսային ԴՆԹ-ի ամպլիֆիկացիայի աջակցություն՝ քրոմոսոմային ԴՆԹ-ի հատվածների լրացուցիչ պատճենների առաջացում):

Վերջերս ստեղծվել էր ՄՊՎ-18-ով վարակված կերատինոցիտների թեստային մոդել: ԱՄՆ-ից մասնագետները դրա վրա ստուգել էին իրենց տեսությունը, որի համաձայն՝ հիստոնդեզացետիլազ (HDAC) ինհիբիտորները քրոմոսոմային ԴՆԹ-ի ռեպլիկացիայի խախտման հետեւանքով կարգելակեն ՄՊՎ ԴՆԹ-ի ամպլիֆիկացիան:

Գիտնականների կարծիքով՝ վորինոստատը մեծ թվով HDAC է ինհիբիրացնում, ուստի այն կարող է ընդհատել ոչ միայն քրոմոսոմային ռեպլիկացիան, այլեւ վիրուսային ԴՆԹ-ի ռեպլիկացիան: Ցույց է տրվել, որ միջոցն արդյունավետորեն արգելակել է ՄՊՎ-18-ի ԴՆԹ-ի ամպլիֆիկացիան եւ վիրուսի արտադրումը: Դեղամիջոցը դիֆերենցված բջիջներում նաեւ սկսել է ծրագրավորված բջջային մահ (ապոպտոզ):

Համանման արդյունքներ են ստացել եւս երկու HDAC ինհիբիտորների (բելինոստատի եւ պանոբինոստատի) դեպքում: Հետաքրքիր է, որ դեղամիջոցներն առողջ բջիջներին առանձնապես չեն սպառնացել: Օրինակ՝ վորինոստատը ոչնչացրել է անոմալ եւ քաղցկեղային բջիջները, որոնք թաքցրել են ՄՊՎ-16-ի հետքերը՝ շտամ, որը ՄՊՎ-18-ի հետ, առավել հաճախ է առաջացնում անոգենիտալ եւ օրոֆարինգեալ քաղցկեղ: Ընդ որում՝ առողջ բջիջները չեն վնասվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում