Ինչու՞ է մանիկյուր անելն օգտակար առողջության համար եւ եղունգների լաքի ո՞ր գույներն են նորաձեւ 2019-ին

1 հունվարի, 2019  16:17

Գեղեցիկ եւ խնամված ձեռքերը յուրաքանչյուր կնոջ այցեքարտն են: Ոչ բոլորը գիտեն, բայց մանիկյուր ու պեդիկյուր անելն օգտակար է առողջության համար:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում մանտահարդարման վարպետ Գրետա Մայիլյանը նշեց, որ ոտնաթաթերին եւ ձեռքերի վրա ռեֆլեկտոր բջիջներով շատ կետեր կան, որոնց մերսումը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա: Մասնավորապես լավանում է արյան շրջանառությունը եւ նյութափոխանակությունը:

Երբ մասնագետը հաճախորդին մանիկյուր եւ պեդիկյուր է անում, ապա պարտադիր կարգով մերսում է ձեռքերը(մանիկյուրի դեպքում)  եւ ոտնաթաթերը (պեդիկյուրի ժամանակ): Մայիլյանի խոսքով՝ ցանկալի է ամիսը  գոնե մեկ անգամ այս հաճելի գործընթացն անցնել:

2019-ին եղունգների լաքի նորաձեւ գույներից են կապույտ կոբալտը, մուգ եւ բաց շոլոլադե գույնը, նարնջագույնը (այդ թվում նարնջադեղնավուն եւ նարնջակարմիր երանգները), վառ եւ գունատ վարդագույնը, խակին, մուգ կարմիրը:

Կանանց ամենատարածված սխալը տնային պայմաններում առանց հիմնական ծածկույթի լաք քսելն է, ինչի հետեւանքով եղունգները դեղնում են:

Դրանից խուսափելու համար Մայիլյանը խորհուրդ է տալիս պարտադիր մանիկյուրի հիմնական ծածկույթ օգտագործել: Փորձագետի խոսքով՝ դրանով ոչ միայն եղունգները պաշտպանված կլինեն, այլեւ լաքը երկար ժամանակ կպահպանվի:

Եղունգների լրացուցիչ խնամք ապահովելու համար Մայիլյանը խորհուրդ  է տալիս օգտագործել ացետոն, որի կազմում վիտամիններ կան:

Սակայն անգամ այս դեպքում պետք չէ եւս մեկ տարածված սխալ թույլ տալ՝ ացետոնը խառնել լաքի հետ, քանի որ այդ դեպքում լաքն ընդամենը մի քանի օր կպահպանվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում