Միգրացիա եւ հիվանդություններ. Հայաստանում աշխատանքային միգրատների 0,5 տոկոսը վարակված է ՄԻԱՎ-ով, 0,7-ը՝ հեպատիտ C-ով

18 հունվարի, 2019  13:37

Հայաստանից պարբերաբար այլ երկրներ աշխատանքի մեկնող աշխատանքային միգրատների 0,5 տոկոսը վարակված է ՄԻԱՎ վարակով: Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի՝ աշխատանքային միգրատների 0.9 տոկոսը վարակված է հեպատիտ B-ով, իսկ 0,7-ը՝ հեպատիտ C-ով:

ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում  ՄԻԱՎ-ի տարածման գործում միգրացիայի դերը չի կարելի թերագնահատել. երկրում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց 56 տոկոսը աշխատանքային միգրատներ են, եւս 10 տոկոսը նրանց սեռական զուգընկերները: Սա նշանակում է, որ վարակի դեպքերի 66 տոկոսը կապված է աշխատանքային միգրացիայի գործոնի հետ:

Կենտրոնի տվյալներով՝ միգրանտների մեծ մասը վարակվել է Ռուսաստանում կամ այլ երկրներում, որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածությունը բարձր է, քան Հայաստանում:

Վերջին 2 տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունների համաձայն, աշխատանքային միգրանտները չեն գիտակցում, որ նրանք ՄԻԱՎ-ով եւ հեպատիտով վարակվելու բարձր ռիսկի խմբում են, եւ, հետեւաբար, իրենց նախաձեռնությամբ չեն ստուգվի, եթե իրենց առողջական վիճակը նորմալ լինի, եւ եթե արտերկրում պաշտոնատար անձինք անալիզի արդյունքներ չպահանջեն: Նրանք ՄԻԱՎ-ի սիգմատիզացիայի պատճառով չեն ցանկանում թեստ հանձնել:

Չնայած միգրանտները խոստովանում են, որ Հայաստանում բուժօգնությունն իրենց համար մատչելի է (ՄԻԱՎ-ի թեստերը, օրինակ, կարելի է անվճար հանձնել), հարցվածների միայն 37 տոկոսն է վերջին տարվա ընթացքում  իրենց հայրենիքում բժշկի այցելել, իսկ արտերկրում ընդամենը 14 տոկոսը:

Միեւնույն ժամանակ, հետազոտության համաձայն, վերջին 30 օրվա ընթացքում միգրանտների 44.1 տոկոսը չպաշտպանված սեռական հարաբերություն է ունեցել, իսկ 14.9 տոկոսը արտերկրում աշխատելու ընթացքում առանց պաշտպանվելու սեքսով է զբաղվել:

Հիշեցնենք, որ 2018-ի ամբողջ ընթացքում Հայաստանում ՄԻԱՎ վարակի 429 նոր դեպք է գրանցվել: 1988-ից մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը երկրում ՄԻԱՎ-ի 3337 դեպք է գրանցվել: Հայաստանում ՄԻԱՎ-ով  վարակված մարդկանց հաշվարկային թիվը 3400 է:

Տվյալ պահին երկրում 2589 ՄԻԱՎ-դրական մարդ կա, ինչը նշանակում է, որ այժմ միայն 76 տոկոսը գիտի իր կարգավիճակի մասին եւ դեռ մոտ 1000 մարդ կա, որոնք դեռ չգիտեն, որ վարակված են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում