Հունվարի 23-ի դրությամբ Հայաստանում սուր շնչառական վարակներով 711 մարդ է հոսպիտալացված

23 հունվարի, 2019  18:53

Համաճարակաբանական դիտարկման օրական տվյալների համաձայն` սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը,  հունվարի 23-ի դրությամբ` նվազել են հանրապետության ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը՝ 1684: Հիվանդանոցներում հոսպիտալացված է 711 հիվանդ, 91.1%-ը 0-14 տարեկան երեխաներ են:

Շատացել են նաև հիվանդանոցներից դուրս գրումները, այսօր դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 87 կանչ:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 23-ի դրությամբ` սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 330 երեխա (Երևան՝ 111, մարզեր՝ 219): Բոլորը տուն են ուղարկվել:

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է հսկողությունը ջերմային ռեժիմի նկատմամբ, բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում