Գենետիկորեն ձեւափոխված հավերը կածեն «բուժիչ» ձվեր

30 հունվարի, 2019  12:05

Շոտլանդացի գիտնականները համարձակ փորձ են անցկացրել, որն ապացուցել է, որ գենետիկորեն ձեւափոխված հավերը կարող են ածել «բուժիչ» ձու:

Հարցն այն է, որ թերապեւտիկ սպիտակուցների սինթեզը, որոնք որպես ակտիվ բաղադրիչներ են օգտագործվում դեղամիջոցներում, ֆինանսապես մեծ ծախսեր է պահանջում։ Մինչդեռ փորձարկման արդյունքում գիտնականներին հաջողվել է գենետիկորեն ձեւափոխված հավից ստանալ ձվեր, որոնք հագեցված են IFN-α 2a սպիտակուցներով եւ CSF մակրոֆագով: Դրանցից առաջինն ունի ուժեղ հակավիրուսային եւ հակաքաղցկեղային ներգործություն, իսկ երկրորդը խթանում է վնասված հյուսվածքների վերականգնումը:

Ձվից տվյալ սպիտակուցները հանելու համար բարդ տեխնիկական գործողություններ չեն պահանջվում։ Միեւնույն ժամանակ, կլինիկական տեսանկյունից զգալի քանակություն ստանալու համար բավարար է միայն երեք ձու: Հատկանշական է, որ իրենց թերապեւտիկ հատկություններով դրանք չեն տարբերվում լաբորատոր պայմաններում ստացված սպիտակուցներից:

Որպեսզի հավերը կարողանան հրաշք ձու ածել, դրանց ԴՆԹ-ում համապատասխան փոփոխություններ են կատարել։ Գիտնականների կարծիքով, այս տեխնոլոգիան մեծ պոտենցիալ ունի՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հավերը տարեկան կարող են ածել 300 ձու:

Հետազոտությունը հրապարակվել է BMC Biotechnology ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում