Կոկտեյլը ոգեշնչել է գիտնականներին ստեղծել տղամարդկանց կոնտրացեպցիայի նոր մեթոդ

1 փետրվարի, 2019  23:45

Կոկտեյլը ոգեշնչել է գիտնականներին ստեղծել տղամարդկանց կոնտրացեպցիայի նոր մեթոդ: Չինացի գիտնականները Նանչանի համալսարանից Սյաօլեյ Վանի (Xiaolei Wang) գլխավորությամբ ստեղծել են շերտավոր «կոկտեյլ» հիդրոգելից, ոսկու մասնիկներից եւ EDTA թթվից, որն անհրաժեշտ է ներարկել սերմատար ուղիների մեջ: Ինչպես նշում են մասնագետները, տվյալ խառնուրդը թույլ չի տա սերմնաբջիջներին հայտնվել հեշտոցում:

Գիտնականները խոստովանում են, որ կոնտրացեպցիայի նոր մեթոդ ստեղծելու միտքն առաջացել է շերտավոր ալկոհոլային կոկտեյլներից: Նոր միջոցում հիդրոգելն ինքնատիպ պատնեշ է սերմնաբջիջների համար. դրա շնորհիվ նրանք չեն կարողանա դուրս գալ սերմնատար ուղիներից: Ոսկե մասնիկների շերտը տարանջատում է հիդրոգելը EDTA թթվից, որը ոչնչացնում է սերմնաբջիջները:

Կոկտեյլի ազդեցությունը դադարեցնելու համար բավական է ճառագայթել սերմնատար ուղու հատվածը ինֆրակարմիր լույսով:

Գիտնականները հավաստիացնում են, որ կոնտրացեպցիայի տվյալ մեթոդը չունի կողմնակի ազդեցություններ: Կոկտեյլը հաջողությամբ փորձարկվել է մկների վրա:

Հետազոտությունը հրապարակված է ACS Nano պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում