Սեղանի խաղերը եւ նկարչությունը կարող են բարելավել սեռական կյանքի որակը

16 փետրվարի, 2019  22:11

Սեռական կյանքը բարելավել ցանկացող զույգերին Բեյլորի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս ավելի հաճախ խաղալ սեղանի խաղեր եւ այցելել նկարչության դասերի։

Գիտնականները փորձեր են անցկացրել, որոնց շրջանակներում 20 զույգ կամավոր կարգով բաժանվել է խմբերի։ Առաջին խումբը սեղանի խաղեր է խաղացել (թղթախաղ, շախմատ, Մոնոպոլիա, բառախաղ եւ այլն)։ Երկրորդ եւ երրորդ խմբերը նկարել են ստուդիայում. առաջադրանքն էր՝ նկարել լողափ։ Միեւնույն ժամանակ, զույգերից հատուկ փոխգործակցություն չէր պահանջվում։

Գիտնականները չափել են օքսիտոցինի («սիրո հորմոնի») մակարդակը փորձարկումից առաջ եւ հետո։ Նաեւ հարցում են անցկացրել, որը ցույց է տվել զուգընկերների փոխգործակցության մակարդակը։

Պարզվել է, որ համատեղ գործունեությունը խթանել է օքսիտոցինի արտադրությունը։ Այդ նույն հորմոնն արտադրվում է սեքսով զբաղվելու ժամանակ։ Փորձարկման ընթացքում մարդիկ ավելի ակտիվ են փոխգործակցել, քանի որ համատեղ գործունեությունը (խաղերը) խթանել են հաղորդակցությունը։ Իհարկե, նկարողներն ավելի շատ ֆիզիկական շփումներ են դրսեւորել, քան սեղանի խաղեր խաղացողները։

Միեւնույն ժամանակ, նկարող տղամարդկանց մոտ արտադրվել է 2-2,5 անգամ ավելի շատ օքսիտոցին, քան մյուսների։ Օքսիտոցինի արտազատման տեսակետից նրանց հաջորդել են խմբի կանայք։

Հատկանշական է, որ կամավորների մեջ ավելի շատ օքսիտոցին է արտազատվել նոր իրադրությունում։ Ուստի, զույգերին նաեւ խորհուրդ է տրվում ավելի հաճախ միասին ժամանակ անցկացնել տնից դուրս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում