Ինչո՞ւ է Մասիսից 6-ամսական երեխան հայտնվել վերակենդանացման բաժանմունքում

19 մարտի, 2019  15:15

Մասիսից 6-ամսական փոքրիկի ծնողները՝ Գրիգոր եւ Տաթեւիկ Դանիելյանները, դժգոհ են «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի բուժումից: Մինչդեռ բժիշկները նշում են, որ երեխան ստանում է անհրաժեշտ ամբողջ բուժումը:

Փոքրիկը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մարտի 16-ին, եւ այսօրվա դրությամբ՝ նրա վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր: «Երեխան միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին»,- NEWS.am Medicine-ին տեղեկացրեց հիվանդանոցի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Գյուլբուդաղյանը:

Ծնողների խոսքով՝ մարտի 4-ին փոքրիկի մոտ ի հայտ էին եկել ախտանշաններ, որոնք նման էին թեթեւ մրսածությանը, եւ Մասիսի պոլիկլինիկայի բժշկի ուղեգրով նրան տեղափոխել են «Արաբկիր» ԲԿ: Մինչդեռ ժամանակի ընթացքում փոքրիկի վիճակը վատթարացել է, եւ երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, ինչը, Դանիելյանների կարծիքով, ոչ բանիմաց բուժման հետեւանքն է: Սրա հետ կապված երիտասարդ ընտանիքը Հայաստանի Առողջապահության նախարարությունից պահանջում է այս իրավիճակը լրջորեն ուսումնասիրել:

Մինչդեռ Գյուլբուդաղյանը համաձայն չէ ծնողների այն կարծիքին, որ երեխային անհրաժեշտ բուժօգնություն ցույց չի տրվել: Նրա խոսքով՝ երեխաների 5-7 տոկոսի մոտ առողջական վիճակի վատթարացում կարող է դիտվել նույնիսկ բուժման ֆոնին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում