«Ունեմ դիաբետ՝ չունեմ խնդիր» ծրագիրը ամփոփում է արդյունքները

20 մարտի, 2019  15:37

Հայաստանում ավարտվում  է «Ունեմ դիաբետ՝ չունեմ խնդիր» ծրագիրը, որն ուղղված է առաջին տիպի դիաբետով երեխաների աջակցությանը:

Մարտի 20-ին ասուլիսի ժամանակ  «Երազ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը  հայտնեց, որ մեկ տարով նախատեսված ծրագիրը մեկնարկել էր 2018-ի ապրիլին: Դրա շրջանակում իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերի ուսումնական հաստատություններից 926 բուժքույրերեի վերապատրաստման դասընթացներ:

«Սա կարեւոր ձեռքբերում է  հաշվի առնելով, որ որոշ մանկապարտեզներ հրաժարվել  են ընդունել առաջին տիպի դիաբետով երեխաներին համապատասխան որակավորմամբ կադրերի բացակայության պատճառով», - նշեց նա:

Փորձագետը հիշեցրեց, որ առաջին տիպի դիաբետի դեպքում երեխան ինսուլինի ամենօրյա ներարկման եւ ածխաջրերի ընդհանուր քանակի հաշվարկի կարիք ունի , ինչը որոշ մանկապարտեզների անհանգստության համար պատճառ է դարձել: Ծրագրի շրջանակում բուժքույրերի վերապատրաստման դասընթացների շնորհիվ, հաջողվել է գտնել այդ խնդիրի լուծումը:

«Ունեմ դիաբետ՝ չունեմ խնդիր» ծրագիրը թույլ է տվել նաեւ երկրի բոլոր մարզերում, բացի Շիրակից եւ մայրաքաղաքից, 9 բժիշկների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել:

 «Մեզ հաջողվեց նաեւ հանրապետության բոլոր մարզերում առաջին տիպի դիաբետով երեպաների ծնողների համար փոխօգնության եւ աջակցության11 խմբեր ստեղծել: Դրանց միջոցով ծնողներին հոգեբանական եւ իրավաբանական օգնություն է տրվում», - տեղեկացրեց Մխիթարյանը:

Նա հույս հայտնեց, որ «Ունեմ դիաբետ՝ չունեմ խնդիր» ծրագիրը ապագայում շարունակություն կունենա:

Հավելենք, որ ԵՄ կողմից ծրագրի իրականացման համար 17 մլն դրամի չափով դրամաշնորհ է հատկացվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում