Գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե ինչպես է հնարավոր խուսափել ծնողների եւ երեխաների միջեւ թերըմբռնումից: Միչիգանի համալսարանի հետազոտության համաձայն՝ գրքերի համատեղ ընթերցանությունը ընտանիքի անդամներին զգալիորեն մտերմացնում է:
Փորձագետները նշում են, որ գրքերի ընթերցանության ժամանակ երեխաները ծնողների հետ ավելի շատ են փոխգործակցում, քան պլանշետն օգտագործելիս. ծնողներին ավելի հաճախ են հարցերով դիմում, քննարկում նկարազարդումները եւ այլն: Այս ամենը ոչ միայն օգնում է ներընտանեկան երկխոսության հաստատմանը, այլեւ վաղ տարիքից երեխայի մեջ գրագիտություն է զարգացնում:
Միչիգանի համալսարանի հետազոտողները փորձին ներգրավել են ծնողների եւ նրանց փոքր երեխաներին: Մասնագետները տեսահսկման միջոցով հետեւել են տպագիր եւ էլեկտրոնային գրքերի ընթերցանության ժամանակ փոխգործակցության մակարդակին: Պարզվել է, որ սովորական գրքերի ընթերցանության ժամանակ երեխաները ծնողների հետ ավելի հաճախ են շփվել, մինչդեռ էլեկտրոնային գրքերի ընթերցանության ժամանակ նրանք սահմանափակվել են նոր էջ անցնելուն օգնելու խնդրանքով:
Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը ծնողներին կօգնի իրենց երեխաների հետ ժամանակն առավելագույնս արդյունավետ եւ հետաքրքիր անցկացնել:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pediatrics ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում