50 միլիոնից մեկը․ չնայած ներքին օրգանների հազվադեպ անոմալիային, կինը համարյա 100 տարի ապրել է

9 ապրիլի, 2019  22:32

ԱՄՆ-ից երկարակյաց Ռոզա Մարի Բենթլին մահացել է, երբ նրա 100-ամյա հոբելյանին մեկ տարի էր մնացել։ Իր մարմինը գիտությանը կտակած ծեր կինը գիտնականներին իսկական նվեր է մատուցել։ Ինչպես պարզվել է, նա ծնվել է ներքին օրգանների հազվադեպ անոմալիայով։

Խոսքը մարսողական համակարգի օրգանների հատուկ դիրքի մասին է, որի դեպքում 50 միլիոնից 1-ն է ունենում ապրելու հնարավորություն։ Այսպես, լյարդը, ստամոքսը եւ մյուս օրգանները գտնվել են մարմնի աջ մասում։ Չնայած դրան՝ ամերիկուհին ակտիվ կենսակերպ է վարել եւ հինգ երեխա ծնել։ Բացի այդ, նա ունեցել է ֆերմա, կենդանիների խանութ եւ երգել է երգչախմբում։

Երկարակյաց կնոջ ներքին օրգանների անոմալիայի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Առողջության եւ գիտության Օրեգոնայի համալսարանի ուսանողները դիահերձում են կատարել անատոմիայի դասաժամին։ Բացահայտումը ցնցել է ոչ միայն ուսանողներին, այլեւ անատոմիական ծառայությունների համալսարանական կենտրոնի դոցենտին։

Նման անոմալիայով պացիենտների մեծ մասը սովորաբար մահանում է սրտի անբավարարությունից, սակայն Ռոզա Մարի Բենթլին բողոքում էր միայն արթրիթից եւ թթվային հետհոսքից։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում