«Երեկույթներ կարմրուկի դեմ». ԱՄՆ-ում ներարկումների հակառակորդները հատուկ վարակում են իրենց երեխաներին վիրուսային հիվանդությամբ

10 ապրիլի, 2019  19:33

Նյու Յորքում պատվաստման դեմ հանդես եկող ծնողները հատուկ վարակում են երեխաներին կարմրուկով։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով քաղաքային իշխանություններին, այսպես կոչված «կարմրուկի դեմ երեկույթների» շրջանակում ծնողները կազմակերպում են իրենց առողջ երեխաների հանդիպումները կարմրուկով հիվանդների հետ։ Այսքան կասկածելի մեթոդը քարոզվում է որպես ավելի անվտանգ, բայց մասնագետները դրա հետ բնավ համաձայն չեն։

Նյու Յորքում 1991 թվականից ի վեր կարմրուկի ամենամեծ բռնկումը ստիպել է քաղաքային իշխանություններին արտակարգ դրություն հայտարարել։ Մարդկանց, որոնք հրաժարվում են պատվաստումից, սպառնում է 1000 դոլար տուգանք։

«Կարմրուկի դեմ երեկույթները» սկիզբ են առել «ծաղկի դեմ երեկույթներից», երբ ծնողները, նման սցենարով, իրենց երեխաներին վարակում էին ջրծաղիկով։ Նման բան կիրառվել է մինչեւ 1995-ին համապատասխան պատվաստանյութի ստեղծումը։ Ինչպես եւ ջրծաղիկի դեպքում, «բնական ճանապարհով» երեխային կարմրուկով վարակելու փորձը մեծ ռիսկեր է պարունակում՝ նկատի ունենալով այն, որ հիվանդությունը հղի է լուրջ բարդություններով։ Դրանց թվում են թոքաբորբը եւ էնցեֆալիտը (գլխուղեղի բորբոքում)։

Առողջապահական հարցերի լիազոր Օքսիրիս Բարբոթը նշում է, որ պատվաստումը, ի տարբերություն «կարմրուկի դեմ երեկույթների», օրգանիզմի պաշտպանության անվտանգ մեթոդ է։ Բավական է ասել, որ պատվաստումից հետո երեխան չի հիվանդանում կարմրուկով, բայց եւ նրա օրգանիզմը մշակում է համապատասխան հակամարմիններ։

Հատկանշական է, որ պատվաստման հակառակորդների թիվը մեծանում է հենց Բրուքլինոմ, որտեղ այս տարի գրանցվել է կարմրուկով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում ԱՄՆ 19 նահանգներում գրանցվել է կարմրուկի 465 դեպք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում