Ֆուգու ձկով թունավորվելուց հետո 43-ամյա տղամարդն ամբողջ կյանքում դիալիզի կարիք կունենա

10 հունիսի, 2019  20:09

Ֆլորիդայից 43-ամյա տղամարդը ամբողջ կյանքը դիալիզի կարիք կունենա. Ֆուգու ձկով թունավորվելուց հետո նրա երիկամները դադարել են գործել:

Ձուկն ուտելուց 4 ժամ անց տղամարդուն, որի անունը չի նշվում, հիվանդանոց են տեղափոխել ուժեղ փսխումով, ստամոքսի ցավերով, ընդարմացած ոտքերով, խոսքի հետ կապված խնդիրներով եւ ընդհանուր թուլությամբ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ձկան թույնը, որը 1200 անգամ հզոր է ցիանիդցի, անդառնալի վնաս է պատճառել տղամարդու երիկամներին՝ մահացու վտանգավոր բարդություններ առաջացնելով: Այդ ձուկը կերել է նաեւ պացիենտի տատիկը, սակայն նա ավելի քիչ է տուժել եւ արագ վերականգնվել է: Դատելով ամեն ինչից՝ նա չի կերել ձկան լյրադը, որում թույնի կոնցենտրացիան եղել է ամենաշատը, իսկ տղամարդը հենց այդ մասն է կերել:

Պացիենտի մոտ կյանքի համար վտանգավոր բարձր ճնշում է գրանցվել, պնեւմոնիա եւ երիկամների գործունեության դադարում: Մի քանի օր անց նրա վիճակը հաջողվել է կայունացնել, սակայն երիկամների գործառույթները չի հաջողվել վերականգնել, դրա համար նա չի կարողանում առանց հեմոդիալիզի ապրել. ամեն 2-3 օրը մեկ ամբողջ կյանքում  նա պետք է անցնի այդ պրոցեդուրան:

Հիշեցնենք, որ Ֆուգու ձուկը պատկանում է առավել թունավոր ձկների թվին եւ այն կարող են պատրաստել միայն հատուկ լիցենզիա ունեցող փորձառու շեֆ խոհարարները:

Հայտնի չէ, թե որտեղից է տղամարդը հայթայթել ձուկը: Բացառված չէ, որ նա այն ինքնուրույն է որսացել կամ փողոցից է գնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում