Հաճելի երաժշտությունը դեղերից ոչ պակաս լավ կարող է վիրահատությունից առաջ հանգստացնել

20 հուլիսի, 2019  16:27

Հանգստացնող երաժշտությունը (օրինակ՝ «Weightless» Marconi Union-ը) կարող է դեղերից ոչ պակաս լավ վիրահատությունից առաջ հանգստացնել պացիենտներին՝ նվազեցնելով տագնապի աստիճանը: ВВС-ն հաղորդում է, որ այդ մասին է վկայում Փենսիլվանիայի համալսարանից գիտնականների հետազոտությունը:

Նախավիրահատական տագնապը հանդիպում է պացիենտների գրեթե կեսի մոտ եւ բավականին վտանգավոր  է, քանի որ բարձրացնում է բարձր զարկերակային ճնշման, արյունատար անոթների նեղացման, ինչպես նաեւ առիթմիայի եւ մարմնի ջերմաստիճանի բարձրացման վտանգը:

Դրա հետեւանքով  վիրահատական միջամտությունից հետո  մեծանում է բարդությունների զարգացման վտանգը եւ ապաքինման ընթացքն ավելի երկար ժամանակ է պահանջում:

Սովորաբար պացիենտների հանգստացման համար կիրառվում են բենզոդիազեպիններ, որոնք որոշ դեպքերում ագրեսիա եւ նյարդայնություն են առաջացնում: Մեկ այլ տարածված դեղամիջոց՝ միդազոլամը կարող է մարդու մոտ կախվածություն առաջացնել:

Գիտնականները վստահ են, որ երաժշտությունը կարող է բավականին արդյունավետ միջոց դառնալ ցավի մեղմացման եւ անհագստության դեմ պայքարի գործում: Սակայն կա մեկ բացասական կողմ. կամավորների մասնակցությամբ անցկացված փորձերը ցույց են տվել, որ երաժշտությունն այդքան ուժեղ չի ազդում պացիենտի վրա, ինչպես համապատասխան դեղերը:

Հետազոտողները դա կապում են նրա հետ, որ հետզոտության մասնակիցները  զրկվել էին երաժշտական ստեղծագործությունները ինքնուրույն ընտրելու հնարավորությունից:

Մասնագետները պարզաբանում են. երաժշտությունն ազդում է նեյրոմեդիատորների վրա՝ քայքայելով սթրեսի կորտիզոլ հորմոնը եւ բարձրացնելով երջանկության դոֆամին հորմոնի կոնցենտրացիան:

Այսպիսով նրանք կոչ են անում այն դիտարկել որպես այլընտրանք  նախավիրահատական տագնապայնության դեմ պայքարում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում