Ինչպե՞ս կանխել ծերունական փխրունությունը

5 օգոստոսի, 2019  22:30

JAMA Network Open-ում հրապարակված խոշորագույն հետազոտությունն օգնել է պարզել, որ զառամյալությունը կախված չէ տարիքից եւ այն կարելի է կանխել:

Մելբուռնի Մոնաշա համալսարանից Ռիչարդ Օֆորի-Ասենսոնը (Richard Ofori-Asenso) նշում է. ծերունական փխրունության դեմ կարելի է պայքարել սպիտակուցային սննդային հավելումների եւ դեմքի մկանների վարժությունների միջոցով:

Գիտնականները դիտարկել են  աշխարհի 20 երկրներում ապրող մոտ 50 հազար մարդկանց: 3 տարվա դիտարկումների ընթացքում մոտավորապես ամեն 3-րդ տարեց մարդը, որը տառապում էր ծերունական ասթենիայից (փխրունություն), հանկարծակի  առողջացել եւ վերադարձել է սովորական կենսակերպին, ընդ որում նրանց մեկ քառորդը ազատվել է զառամյալության բոլոր հատկանիշներից:

Ֆենոմենի պատճառները հասկանալու համար գիտնականները ուսումնասիրել են տարբեր երկրների 120 հազար տարեցների մասնակցությամբ հետազոտությունների տվյալները: Գիտնականներին հետաքրքրում էր, թե որքան հաճախ են տարեցները հիվանդացել ծերունական ասթենիայով եւ ինչն է հանգեցրել այդ գործընթացին:

Պարզվել է, որ կանանց մոտ տվյալ խնդիրները երկու անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան տղամարդկանց: Փխրունության զարգացման հավանականության  վրա ազդել են ոչ թե տարիքը, այլ ֆիզիկական ակտիվության աստիճանը եւ տարբեր քրոնիկ հիվանդությունները (դիաբետ, հիպերտոնիա, սրտի հետ խնդիրներ): Ընդ որում ծերունական ասթենիան ավելի հազվադեպ է հանդիպում  զարգացած երկրների բնակիչների եւ բարձր կրթությամբ եւ եկամուտներով մարկանց շրջանում:

Գիտնականների կարծիքով՝ սա վկայում է տվյալ դրության դեմ պայքարի հնարավորության մասին, ինչին կարող են նպաստել ֆիզիկական ակտիվությունը, ճիշտ սննդակարգը եւ առողջ ապրելակերպը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում