Ո՞ր մթերքներից հրաժարվելը կօգնի պայքարել օրգանիզմում շաքարի ավելցուկի դեմ. ներկայացնում է փորձագետը

10 օգոստոսի, 2019  19:33

Օրգանիզմում շաքարի ավելցուկը առողջության համար անվտանգ չէ, եւ առաջին հերթին սպառնալիք է ներկայացնում 2-րդ տիպի դիաբետի ժառանգականությամբ անձանց համար:

Այն մասին, թե ինչպես է հնարավոր ճիշտ կրճատել գործածվող շաքարի քանակությունը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ներկայացրեց Հայաստանի Առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի հարցերով խորհրդական, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան:

Փորձագետը, մասնավորապես, խորհուրդ է տալիս կրճատել թաքնված շաքար եւ բարդ ածխաջրեր պարունակող մթերքների գործածումը: Դրանց թվում են, օրինակ, հացը, մակարոնային արտադրանքը, կարտոֆիլը, բրինձը, մշակված հատիկավորները:

Օրգանիզմի վրա ծանրաբեռնվածություն կարող է դառնալ նաեւ միանգամից մեծ քանակությամբ մրգերի գործածումը: Միաժամանակ, եթե ամբողջական մրգի եւ թարմ  քամած մրգահյութի միջեւ ընտրություն կատարելու հնարավորություն կա, անհրաժեշտ է ընտրություն կատարել առաջինի օգտին: «Թարմ քամած մրգահյութերը շաքար են պարունակում, որն անչափ արագ է ներծծվում: Մինչդեռ ամբողջական մրգերի մեջ, ի տարբերություն հյութի, պարունակվում է նաեւ բջջանյութ: Այն խոչընդոտում է շաքարի 100-տոկոսանոց ներծծմանը, եւ դրա մի մասը օրգանիզմից դուրս է գալիս»,- ասաց Աղաջանովան:

Նա նաեւ խորհուրդ է տալիս սննդակարգից բացառել քաղցր գազավորված ըմպելիքները, փաթեթավորված բնական հյութերը, ինչպես նաեւ վերամշակված մթերքները: «Ցանկացած քաղցր խմելու բան հանգեցնում է գլյուկոզայի արագ ներծծման եւ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման: Ինչ վերաբերում է վերամշակված մթերքներին, ապա տրանսճարպերի գործածումը նույնպես հղի է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմամբ»,- շեշտեց փորձագետը:

«Արժե հիշել, որ շաքարի ավելցուկը այրում են կանոնավոր ֆիզիկական վարժությունները: Նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածություն են համարվում շաբաթական 3 անգամ 1 ժամ տեւողությամբ վարժությունները»,- ամփոփեց Աղաջանովան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում