«Joef Gipsy Kings Family»-ի մեներգիչը հյուրընկալվել է Երեւանի հեմատոլոգիական կենտրոնում

14 օգոստոսի, 2019  20:15

«Joef Gipsy Kings Family» խմբի մեներգիչ, հայտնի երաժիշտ եւ կատարող Ջոզեֆ Ֆարգիեն (Joseph Fargier) դարձել է Երեւանի Յոլյանի անվան հեմատոլոգիական կենտրոնի հյուրը:

Երաժշտական ինդուստրիայում աշխատել է ավելի քան 30 տարի եւ լայն ճանաչում ստացել երաժշտության մեջ ֆլամենկոն, ցիգանական եւ արաբական մոտիվները համադրելու վիրտուոզ ունակության շնորհիվ: Բացի երաժշտությունից՝ նա ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ, ելույթ է ունենում բարեգորածական համերգներին եւ աջակցում հիվանդ երեխաներին:

Ֆարգիեն Երեւանում է ՀՀ վարչապետի կնոջ, «City of Smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հրավերով: Օգոստոսի 14-ին նա Աննա Հակոբյանի հետ ացելել է Յոլյանի անվան հեմատոլոգիական կենտրոն, որտեղ հանդիպել է երիտասարդ պացիենտների հետ եւ նրանց նվերներ մատուցել:

Երաժիշտը նշում է, որ «Joef Gipsy Kings Family»-ն համագործակցում է բարեգործական տարբեր կազմակերպությունների հետ եւ ձգտում է ամեն կերպ աջակցել հիվանդ երեխաներին: Նրա խոսքով՝ երաժշտությունը բուժիչ հատկություն ունի եւ արագացնում է պացիենտների առողջացումը:

«Երաժշտությունը ներթափանցում է անմիջապես հոգու եւ սրտի մեջ: Շատ կարեւոր է, որպեսզի երիտասարդ պացիենտները զգան աջակցությունն ու հոգատարությունն ու իմանան, որ նրանց մասին հիշում են եւ նրանց կողքին են»,- ասում է Ֆարգիեն:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում