Գլազգոյում մեծ փորձառություն ունեցող վիրաբույժ Ալդո Սերեզայի մոտ Ալցհեյմերի հիվանդություն է հայտնաբերվել հենց վիրահատության ժամանակ, երբ նա հազիվ կտրվածք չի արել պացիենտի դեմքի ոչ այն կողմից։ Հիմա նա այդ անբուժելի հիվանդության դեմ նոր դեղամիջոց է ընդունում եւ հույս ունի, որ այն կդանդաղեցնի հիվանդության զարգացումը։
58-ամյա մասնագետը ավելի քան 30 տարի բարդագույն վիրահատություններ է կատարել դիմածնոտային վիրաբուժության ոլորտում։ Սակայն ժամանակի ընթացքում նա սկսել է սխալներ թույլ տալ աշխատավայրում՝ մոռանալ պացիենտների հետ նշանակված հանդիպումները, մոռանալ թե նրանց ինչ դեղամիջոցներ պետք է նշանակի։ Երկար ժամանակ հիշողության անկումները նա վերագրել է սթրեսին եւ հոգնածությանը։
2011-ի սեպտեմբերին բժիշկը վիրահատարանում պատրաստվել է կտրվածք անել պացիենտի դեմքի ոչ այն կողմում, որն անհրաժեշտ էր։ Բարեբախտաբար, նրա գործընկերները ժամանակին են նկատել բժշկի սխալը եւ ցույց են տվել նրան։ Բժիշկը հրաժարվել է վիրահատությունից եւ լքել է վիրահատարանը։
Մի քանի օրից նա դիմել է նյարդաբանին, որն էլ նրա մոտ ախտորոշել է սկզբնական շրջանում գտնվող ծերունական թուլամտություն։ Պահանջվել է վիրահատական գործունեության անմիջապես դադարեցում։ 3 ամիս անց վիրաբույժի մոտ ախտորոշվել է Այցհեյմերի հիվանդություն, որն աստիճանաբար նրան զրկել է սուր մտքից եւ անկախությունից։
2017-ի փետրվարին Սերեզան դարձել է Մեծ Բրիտանիայում առաջին պացիենտներից մեկը, որը միացել է ադուկանումեդ անվանմամբ նոր դեղամիջոցի միջազգային կլինիկական հետազոտություններին։ Ամեն ամիս նա ստացել է ներքին ներարկումներ։ Արդեն մի քանի ամիս անց նրա վիճակը դադարել է վատանալ, իսկ այնուհետեւ, ի զարմանս բուժող բժիշկների, նա նույնիսկ սկսել է ցուցաբերել հիշողության ամրապնդում, ինչն արտահայտվել է տարբեր գլուխկոտրուկներ եւ սքանվորդներ լուծելով։
Այս տարվա փետրվարին դեղամիջոցի կլինիկական հետազոտություններն ավարտվել են «անարդյունավետության» պատճառով, սակայն դոկտոր Սերեզան դրա հետ կտրականապես համաձայն չէ։ Այն բանից հետո, երբ նա դադարել է ընդունել դեղամիջոցը, նրա հիշողությունը նորից սկսել է վատանալ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում