3 ամենավտանգավոր դիետաները, որոնք կարող են վնասել առողջությանը

15 նոյեմբերի, 2019  15:30

Դիետաներն անարդյունավետ են երկարաժամկետ նիհարեցման համար. շատ հետազոտություններ դա հաստատել են , սակայն որոշ դիետաներ ոչ միայն չեն օգնել նիհարել եւ պահպանել քաշը, այլ նաեւ կարող են վնաս հասցնել առողջությանը:  

Հումակերությունը

Հումակերությունը բուսակերության ամենադաժան ճյուղն է, որը ենթադրում է միայն հում բուսական սնունդ: Պրոֆեսոր եւ սննդաբան Քրիստոֆեր Հարդները կարծում է, որ մարդու օրգանիզմը պարզապես չի կարող նման քանակությամբ հում բուսական սնունդ ընդունել:

«Հումակերը ստիպված է օրվա ընթացքում ուտել 85 լոլիկ եւ 40 գազար, որպեսզի հավաքի անհրաժեշտ քանակով կալորիա. դա բացարձակ անընդունելի է»,-նշել է բժիշկ Հարդները:   

Կետոդիետա

Կետոդիետան 90 տոկոսով կազմված է ճարպի գերակշռմամբ մթերքներից: Օրգանիզմում ածխաջրերի ցածր քանակի արդյունքում ձեւավորվում է այսպես կոչված կետոնային մարմին, որը տոքսիկ ազդեցություն է ունենում:

Շատերին կետոդիետան օգնում է նիհարել, սակայն այն երկար ժամանակ պահպանելը հոգեբանորեն դժվար է: Բացի այդ, որպես կողմնակի էֆեկտներ առաջանում են երիկամների քարեր, փորկապություն, մարսողական համակարգի խանգարում, աթերոսկլերոզ եւ այլ խնդիրներ:

Պալեոդիետա

Պալեոդիետան առաջարկում է օգտագործել մթերքներ, որոնք մարդն օգտագործել է մինչ գյուղատնտեսության զարգացումը: Այն նաեւ անվանում են «քարանձավային մարդու դիետա»: Թույլատրվում է ուտել բանջարեղեն, ձուկ, միս, ընկույզ, բուսայուղ եւ քիչ քանակությամբ մրգեր: Արգելված են կաթնամթերքը, ձավարն ու շաքարը:

Սակայն Հարդները կարծում է, որ այդ դիետան ունի շատ քիչ ընդհանրություն հնագույն մարդկանց օրաբաժնի հետ: Մեր նախնիների օրաբաժնի հիմնական մասը բարդ ածխաջրերին էին՝ հացազգիներ, լոբազգիներ, բանջարեղեն: Դրանք օրաբաժնից բացառելը, մասնագետի կարծիքով, սխալ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում