Կանաբիս օգտագործող երիտասարդներն ավելի հաճախ են բախվում կաթվածի վտանգին

21 նոյեմբերի, 2019  13:22

Կանաբիս օգտագործող երիտասարդները երկու անգամ ավելի շատ են տառապում կաթվածից՝ ցույց է տվել նոր հետազոտությունը, որը ներկայացվել է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի գիտական սեսիայի ժամանակ, հաղորդում է FoxNews-ը:

Համաձայն երկրորդ հետազոտության՝ մարիխուանայի սիրահարներն ավելի հաճախ են դիմում բժշկի առիթմիայի պատճառով:

Առաջին հետազոտության շրջանակում Ջորջ Մեյսոնի համալսարանի գիտնականները վերլուծել են 18-24 տարեկան 43000 մասնակցի տվյալներ: Ըստ հետազոտության՝ մասնակիցների մոտ 14 տոկոսը հայտնել է, որ կանաբիս է օգտագործել վերջին 30 օրվա ընթացքում:

Նրանք, ովքեր կանաբիս են օգտագործել ամսական առնվազն 10 օր, սակայն ծխախոտ չեն օգտագործել, գրեթե 2,5 անգամ ավելի հաճախ են տառապել կաթվածից: Նրանք, ովքեր ծխախոտ կամ էլեկտրոնային ծխախոտ են ծխել, դրան գումարած կանաբիս, երեք անգամ ավելի հաճախ են տառապել կաթվածից:

Հետազոտությունը ցույց չի տվել, որ մարիխուանան կաթվածի ռիսկ է առաջացնում, այն միայն բացահայտել է համահարաբերակցությունը: Հետազոտության հեղինակները նշում են, որ կանաբիս օգտագործողները հակված են նաեւ ալկոհոլի օգտագործմանը, ինչը եւս ազդում է կաթվածի զարգացման ռիսկի վրա:

«Կանաբիսի երիտասարդ սպառողները, հատկապես նրանք, ովքեր դրա հետ մեկտեղ ծխախոտ են ծխում, պետք է հասկանան, որ իրենց մոտ մեծ է կաթվածի ռիսկը երիտասարդ տարիքում»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Թարանգ Փարեհը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում