Երիտասարդը հիվանդանոցում է հայտնվել աղջկա կատակով հասցրած հարվածից հետո

13 դեկտեմբերի, 2019  09:42

Չինաստանի Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքից Մայ անունով 27-ամյա տղամարդը հիվանդանոցում է հայտնվել աղջկա կատակով հասցրած հարվածից հետո:

AsiaOne-ը հայտնում է, որ տղամարդը բժիշկներին է դիմել կրծքում ցավի եւ դժվարացած շնչառության գանգատներով: Նրա խոսքով՝ խնդիրները սկսվել են նախօրեին, երբ աղջիկը կատակով հարվածել է փորին: Նա մտածել է, որ հանգստանալուց հետո իրեն ավելի լավ կզգա, բայց ցավը ժամանակի ընթացքում միայն ուժգնացել է:

Հետազոտությունից հետո երիտասարդի մոտ հայտնաբերել են բնածին ստոծանու ճողվածք՝ ստոծանու զարգացման արատ, որի դեպքում կրծքավանդակը որովայնային խոռոչից առանձնացված չէ: Հարվածից հետո Մայի որոշ օրգաններ որովայնային խոռոչից տեղափոխվել են կրծքավանդակ: Դրանք իրենց տեղը վերադարձնելու եւ ստոծանու ամբողջականությունը վերականգնելու համար բժիշկները ստիպված էին վիրահատություն կատարել:

Լուսանկարը՝ Guangzhou Daily

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում