Կարմիր միսը կարող է պաշտպանել ցրված սկլերոզից. հետազոտություն

23 դեկտեմբերի, 2019  23:49

Միջերկրածովյան սննդակարգը, որը ներառում է չմշակված կարմիր միս, կարող է նվազեցնել կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինիզացիայի զարգացման հավանականությունը, որը ցրված սկլերոզի՝ ՑՍ-ի տարածված նախորդն է: Այս մասին նշված է Nutrition ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

«Նախորդ հետազոտությունները ցույց են տալիս, որ միջերկրածովյան սննդակարգը կարող է օգնել նվազեցնել առողջական որոշ խնդիրների զարգացման հավանականությունը, ներառյալ սիրտ-անոթային հիվանդությունները, դիաբետը, քաղցկեղը, Ալցհեյմերի հիվանդությունը եւ դեմենցիան, ինչպես նաեւ բարելավել կյանքի ընդհանուր տեւողությունը: Այդուհանդերձ, կան այն բանի ոչ համոզիչ ապացույցներ, որ միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է նաեւ ՑՍ-ի զարգացման հավանականությունը»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Քերթինի համալսարանին առընթեր Հանրային առողջապահության դպրոցից Լյուսինդա Բլեքը:

Կանբերայի Ավստրալիական ազգային համալսարանի հետազոտողների խոսքով՝ նոր հետազոտությամբ ստացված տվյալները եւս մեկ անգամ ընդգծում են ՑՍ-ի զարգացման մեծ ռիսկով մարդկանց իրենց առողջության վրա սնվելու ազդեցության մասին տեղեկացնելու անհրաժեշտությունը:

Ինչպես նշել է Բլեքը, հետազոտությունը ցույց է տվել, որ առողջ միջերկրածովյան սննդակարգի շրջանակում չմշակված կարմիր մսի մեկ չափաբաժնի (65 գրամ) գործածումը կարող է օգտակար լինել ՑՍ-ի զարգացման մեծ հավանականությամբ մարդկանց համար:

«Պարզ չէ, թե կարմիր մսի գործածումը առողջ սննդակարգի համակցությամբ ինչու է նվազեցնում ցրված սկլերոզի ռիսկը, բայց կարմիր միսը պարունակում է կարեւոր մակրո- եւ միկրոտարրեր, ներառյալ սպիտակուց, երկաթ, ցինկ, սելեն, կալիում, D վիտամին եւ В խմբի մի շարք վիտամիններ, որոնցից շատերը կարեւոր են առողջ նեւրոլոգիական ֆունկցիայի համար»,- ասել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում