Վեց ամսում Հայաստանի առողջապահության նախարարության թեժ գիծը ստացել է 5826 հեռախոսազանգ

9 հուլիսի, 2014  21:28

2014թ. առաջին կիսամյակում առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ստացել է 5826 հեռախոսազանգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3675-ի փոխարեն։ Ընթացիկ տարում ավելի քան կրկնապատկվել են տեղեկատվական բնույթի հարցումները։ 2013թ. առաջին կիսամյակի 1453-ի դիմաց այս տարվա նույն ժամանակահատվածում ստացվել է 3064 նման զանգ: Փոխարենը նվազել են բողոքները` 2013թ. առաջին կիսամյակի 203-ի փոխարեն գրանցվել է 152-ը։

Բողոքները կազմել են գրանցված ընդհանուր հեռախոսազանգերի 2.6 տոկոսը` 2013-ի 5.3-ի դիմաց: Միաժամանակ ստացվել է շնորհակալական 40 զանգ։

Առողջապահական սոցիալական փաթեթի վերաբերյալ արձանագրվել է 274, զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամներին տրված արտոնությունների վերաբերյալ` 130 հեռախոսազանգ: Բոլոր հեռախոսազանգերին տրվել են սպառիչ պատասխաններ, բարձրացված խնդիրներն ստացել են համապատասխան լուծումներ։

Առաջին կիսամյակում ստացված բողոքների կապակցությամբ հարուցվել է 2 վարչական վարույթ, 5 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, մեկն ազատվել է աշխատանքից: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել եւ քննարկվել են։ Խնդրահարույց դեպքերի առնչությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ եւ համապատասխան լուծումներ։

Քաղաքացիների կողմից հնչեցված բոլոր հարցերը,առաջարկությունները եւ բողոքները զեկուցվում են ՀՀ առողջապահության նախարարին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում