Գիտնականները 2 մահացու վտանգավոր վիրուսների դեմ առաջին պատվաստանյութի համար հիմք են մշակել

9 հունվարի, 2020  23:46

Իսրայելի Վեյցմանի գիտական ինստիտուտի մասնագետները մշակել են մոլեկուլ, որը կարող է չեզոքացնել կենդանուց մարդուն փոխանցվող մահացու վիրուսները:

Xinhua-ի հաղորդմամբ՝ արենավիրուսները «բնակվում են» կենդանիների պոպուլյացիաներում: Դրանց թվում են երկու վտանգավոր արենավիրուսներ՝ Ջունին եւ Մաչուպո, որոնք նման են Էբոլա վիրուսին: Մինչ այժմ դրանց դեմ արդյունավետ թերապիա չկա:

Նոր մոլեկուլը կարող է չեզոքացնել երկու վիրուսները: Տվյալ վիրուսներն ունեն սպիտակուցներ, որոնք կարող են միանալ մարդկային ռեցեպտորներին: Այդ վիրուսները կրծողների ռեցեպտորներին միանում են հեշտությամբ, այդ պատճառով գիտնականները ենթադրում են, որ կրծողների ռեցեպտորները կարող են հարմար լինել որպես խայծ այդ երկու վիրուսների համար:

Մասնագետները հեռացրել են կրծողի ռեցեպտրոնի մի մասը, որին սովորաբար վիրուսը միանում է, այն ներդրել են հակամարմնում՝ ձեւավորելով Arenacept մոլեկուլը: Այն սերտորեն կապվում է Ջունին եւ Մաչուպո վիրուսների հետ՝ նախքան մարդկային ռեցեպտորի հետ միանալը: Այդ մոլեկուլը թունավոր չէ եւ կայուն է բարձր ջերմաստիճանի նկատմամբ, այդ պատճառով դրա հիմքով պատվաստանյութը կարելի է կիրառել նաեւ տաք երկրներում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում