Ուտել ապուրներ եւ հետեւել ոտքերի հիգիենային. 3 «ձմեռային» խորհուրդ դիաբետիկներին

15 հունվարի, 2020  20:56

Ձմռանը շաքարային դիաբետ ունեցող մարդիկ բախվում են մի շարք խնդիրների. նրանք ավելի ծանր են տանում մրսածությունը եւ գրիպը: Բացի այդ, դիաբետիկների մոտ մեծ է ոտնաթաթի վնասվածքի հետեւանքով գանգրենայի զարգացման ռիսկը:

Ի՞նչ է խորհուրդ տրվում դիաբետ ունեցող մարդկանց ձմռանը խնդիրներից խուսափելու համար:

Հետեւեք ոտքերի հիգիենային

Քանի որ դիաբետի ժամանակ ոտքերում արյան շրջանառությունը վատանում է, վարակների եւ նյարդային ցավերի ռիսկը մեծանում է հատկապես ձմռանը: Այդ պատճառով դիաբետիկներին խորհուրդ է տրվում ոչ միայն տաք հագնվել, այլ նաեւ հետեւել ոտքերի հիգիենային եւ մշտապես հետեւել վնասվածքներին: Խորհուրդ է տրվում նաեւ ամեն օր ոտքերը լվանալ տաք ջրով, խոնավեցնել կրեմով եւ կրել չոր եւ տաք կոշիկներ:

Ապուրներ կերեք     

Ձմռանը շատերը գիրանում են սննդի կալորիականության պատճառով: Սակայն դիաբետիկների համար անցանկալի է գիրանալը, քանի որ ճարպային հյուսվածքի աճը՝ հատկապես որովայնի վրա, վատացնում է մետաբոլիկ խախտումները: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ձմռանը ավելի շատ ապուրներ եւ շոգեխաշած բանջարեղեն ուտել:

Ավելի շատ շարժվեք

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւս կարեւոր է դիաբետիկների համար, եթե, իհարկե, չկան հակացուցումներ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում շաբաթական առնվազն 150 րոպե վարժություններ անել եւ որքան հնարավոր է շատ քայլել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում