Վրաստանը եւ չինական կորոնավիրուսը. վիրուսի կասկածանք եւ կենդանիների ներկրման արգելք

28 հունվարի, 2020  18:40

2019-nCoV կորոնավիրուս են կասկածում 22-ամյա վրացուհու մոտ, որը Չինաստանից Վրաստան է վերադարձել հունվարի 16-ին: Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, վերադառնալուց անմիջապես հոտ նրա մոտ սուր շնչառական վարակի նախանշաններ են հայտնաբերվել:

Նրա ջերմությունը բարձրացել է մինչեւ 37,5 աստիճան: Տեղի բժիշկները բուժում են նշանակել եւ անալիզներ վերցրել՝ պարզելու համար, թե արդյոք նրա մոտ կորոնավիրուս է: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ աղջկա մոտ վիրուս չեն հայտնաբերել: Ամենայն հավանականությամբ, նրա մոտ սովորական ՍՇՎ է:

Նշենք, որ այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան:

Վրաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար արգելել են Չինաստանից կենդանիների ներկրումը: Ինչպես հայտնել է Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունը, Չինաստանից Վրաստան են ներկրվել դեկորատիվ ձկներ եւ կրիաներ:

Ավելին, Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան հայտարարել է, որ Վրաստանը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել Չինաստանից չվերթները: Վրաստանի բոլոր օդանավակայաններում ստուգում են ուղեւորների ջերմությունը:

Այս պահի դրությամբ Վրաստանի 5 քաղաքացի է գտնվում Ուհան քաղաքում՝ վիրուսի բռնկման էպիկենտրոնում, եւ Վրաստանի կառավարությունը մտադիր է տարհանել նրանց, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպես դա կարվի, քանի որ Չինաստանի իշխանությունները Հուբեյ նահանգը փակել են կարանտինի համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում