Երեւանում մեկուսացված չինացի զբոսաշրջիկի մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել

29 հունվարի, 2020  17:21

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացված չինացի զբոսաշրջիկի մոտ ռենտգենոլոգիական հետազոտությունը թոքաբորբ չի հայտնաբերել:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին առողջապահության նախարարությունում, դա հիմք է տալիս մտածելու, որ պացիենտի մոտ, ամենայն հավանականությամբ, 2019-nCoV կորոնավիրուս չկա, եւ 37 աստիճան ջերմությունը կարող է սովորական ՍՇՎ-ի հետեւանքով լինել: 2019-nCoV կորոնավիրուսի հատկություններից մեկն այն է, որ վարակման արդյունքում շատերի մոտ կարող է բավականին արագ թոքաբորբ զարգանալ:

Հիշեցնենք, որ Չինաստանի երկու քաղաքացու մեկուսացրել են Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի առանձին հիվանդասենյակում։ Չինացիներից մեկի մոտ ջերմությունը 37 աստիճան էր, իսկ մյուսի մոտ հիվանդության ոչ մի ախտանշան չի եղել: Մինչ Երեւան ժամանելը նրանք երկու շաբաթ են անցկացրել Վրաստանում: Մասնագետների խոսքով՝ եթե նրանք վարակված լինեին կորոնավիրուսով, ապա հիվանդությունն այդ ընթացքում կդրսեւորվեր, քանի որ հենց երկու շաբաթ է տեւում ինկուբացիոն շրջանը:

Նշենք, որ Հայաստանում դեռ չկան նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր, սակայն եթե կորոնավիրուսի կասկածանք լինի, կենսաբանական նմուշները հնարավոր կլինի ուղարկել այլ երկրների լաբորատորիաներ: Ակնկալվում է, որ Հայաստանում նման թեստեր կհայտնվեն 10 օրվա ընթացքում:

Հիշեցնենք նաեւ, որ Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 132 մարդ, վարակվածների թիվը հասնում է 6000-ի: Վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն շփման-կենցաղային, եւ, հավանաբար, օդակաթիլային ճանապարհով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում