D վիտամինը՝ հաստ աղիքի քաղցկեղի դեմ պայքարի միջոց

12 հուլիսի, 2014  22:36

Հետազոտությամբ պարզվել է, որ արյան մեջ D վիտամինի բարձր բաղադրություն ունեցող մարդիկ հաստ աղիքի քաղցկեղի դեմ առավել արդյունավետ պայքար մղելու հնարավորություն են ձեռք բերում, տեղեկացնում է NewsMax Health-ը: 

Քաղցկեղը հեռացնելու նպատակով վիրահատության ենթարկված 1600 հիվանդների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ D վիտամինի ամենաբարձր բաղադրություն ունեցող մարդիկ հիվանդությունը հաղթահարելու կրկնակի բարձր հնարավորություն են ստանում:

Արյան մեջ վիտամինի բաղադրության եւ հաստ աղիքի քաղցկեղից մահացության մարկարդակի միջեւ կապի բացահայտման վերաբերյալ այլ հետազոտություններ նախկինում չեն իրականացվել:

D վիտամինով հարուստ մի շարք սննդամթերքներ կան, ինչպիսիք են ձկան լյարդի յուղը եւ ձուն: Այն նաեւ մի շարք յուղոտ ձկնատեսակների՝ սաղմոնի, ծովատառեխի եւ սկումբրիայի օրգանիզմում է մեծ բաղադրությամբ առկա: Բացի այդ, մարդու օրգանիզմը եւս կարող է արեւի ազդեցությամբ D վիտամին արտադրել, ինչի արդյունքում ոսկորների՝ կալցիումի անհրաժեշտ պաշար ստանալու եւ ամրություն ձեռք բերելու կարիքն է բավարարվում: Մի շարք հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ վիտամինի պակասը կարող է տարբեր քրոնիկ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

Վերոհիշյալ հետազոտության հեղինակները գտնում են, որ դեռեւս հավելյալ ուսումնասիրություններ են հարկավոր՝ հաստատելու համար, որ D վիտամինով հարուստ սննդային հավելումները կարող են հաստ աղիքի քաղցկեղով հիվանդ մարկանց համար արդյունավետ պայքարի միջոց դառնալ:

Հաստ աղիքի քաղցկեղը Եվրոպայում ամենալայն տարածում գտած հիվանդություններից մեկն է համարվում: Միայն 2012թ. այն 447 հազար մարդկու մոտ ախտորոշում է գտել:

D վիտամինի բարձր բաղադրությունը, համաձայն հետազոտության արդյունքների, հատկապես օգտակար է գտնվել այն մարդկանց համար, որոնց մոտ առկա քաղցկեղը զարգացման երկրորդ փուլում է ախտորոշվել: Այսինքն՝ երբ ուռուցքը բավականաչափ մեծ է, բայց դեռեւս տարածվելու հնարավորություն չի ունեցել:

Վիտամինի բարձր բաղադրություն ունեցող հիվանդների երեք քառորդ մասին ախտորոշման պահից հինգ տարի անց դեռեւս հաջողվում է արդյունավետ պայքար մղել հիվանդության դեմ, մինչ վիտամինի պակաս ունեցողների երրորդ մասից ավելին արդեն մահացել է:

Գիտահետազոտական խմբի անդամները մտադիր են կլինիկական փորձարկումներ նախաձեռնել՝ համոզվելու համար, որ վիտամինային հավելումները, քիմիաթերապիայի հետ միասին, կարող են մահացության մակարդակի նշանակալի նվազեցման հանգեցնել:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում