Հայաստանի դպրոցներում սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունը կազմել է 3,8%

10 փետրվարի, 2020  19:02

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%-ը: Եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ:

Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններում հնարավորինս բացառելու նպատակով այդ կազմակերպություններում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների ներուժը, ուժեղացվել է «համաճարակային ֆիլտրը»: Արդյունքում՝ չի թույլատրվել 1894 (723-ը Երևանում, 1171-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ:

Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, օրական կտրվածքով շարունակվում է սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկումը, որի արդյունքները փաստում են, որ հիվանդացությունն ունի աճման միտում:

Հիվանդացության աճ է գրանցվել նաեւ ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։

Հիշեցնենք, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի  Ա H1N1 ենթատեսակը և Բ տեսակը, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.

պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա, խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում