Կակաոն կարող է օգտակար լինել ծայրամասային զարկերակների հիվանդությունների դեպքում

18 փետրվարի, 2020  15:24

Կակաոն կարող է թեթեւացնել ցավը քայլելիս ծայրամասային զարկերակների հիվանդություն ունեցող մարդկանց մոտ: Այս մասին ասվում է Circulation Research ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:

Ինչպես հայտնում է Medical Express-ը, փորձարկման ընթացքում 60 տարեկանից բարձր 44 հիվանդ օրեկան 3 անգամ կակաո են խմել: Կար նաեւ վերահսկիչ խումբ, որում կակաո չեն խմել: Փորձարկումն տեւել է վեց ամիս: Այս ընթացքում կակաո օգտագործած հիվանդները սկսել են ավելի լավ քայլել. նրանք կարողացել են 6 րոպեում 42.6 մետրով ավելի քայլել: Բացի այդ, ֆլավանոլներով հարուստ ըմպելիքը բարելավել է արյան շրջանառությունը սրունքներում եւ մկանների աշխատանքը:

Հիշեցնենք, որ ծայրամասային զարկերակների հիվանդությունը բնութագրվում է արյան անոթների նեղացմամբ, ինչը նվազեցնում է արյան հոսքը սրտից դեպի ոտքեր: Այս հիվանդության ախտանիշներն են ցավը, ցնցումները, թուլությունը կամ ոտքերում առկա ցանկացած այլ դիսկոմֆորտը քայլելիս:

Գիտնականները կարծում են, որ էպիկատեհինը` կակաոյում առկա հիմնական ֆլավանոլը, կարող է ուժեղացնել միտոխոնդրիալ ակտիվությունը եւ ամրացնել սրունքների մկանները: Ուսումնասիրությունը, չնայած դրա ոչ մեծ լինելուն, ցույց տվեց, որ կակաոյի օգտագործման դեպքում իսկապես միտոխոնդրիալ ակտիվության աճ է տեղի ունենում, ինչպես նաեւ աճում է մազանոթների խտությունը եւ առողջության ցուցանիշների այլ բարելավումներ են նկատվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում