Իրանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 5 դեպք. «Մեղրի» անցակետում հսկողությունը ուժեղացվել է

20 փետրվարի, 2020  19:03

Իրանի Իսլամական Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 5 դեպք։ ՀՀ առողջապահության նախարարությունը կապ է հաստատել ԻԻՀ-ում թե´ հայկական դեսպանատան, և թե´ առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ Ղոմ քաղաքում՝ 4 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով, և Արակ քաղաքում՝ 1 դեպք։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկվել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը՝ հանրապետությունում կայուն համաճարակային իրավիճակ ապահովելու համար:   

Ինչպես տեղեկացնում է ԱՆ-ը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները:

Աշխատանքներն իրականացվում ինչպես պետական սահմանային անցման կետերում, այնպես էլ կատարվում են լաբորատոր հետազոտություններ: Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո, իսկ նրանք, ովքեր ունեն անգամ թեթևակի ջերմություն՝ հոսպիտալացվում են և կազմակերպվում բոլոր հետազոտությունները:

Փետրվարի 20-ի, ժամը 15:00-ի դրությամբ իրականացված հետազոտությունների (այդ թվում՝ լաբորատոր) արդյունքները եղել են բացասական:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,  Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ, Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ  բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ, Եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում