Ինտենսիվ կարդիովարժությունները կարող են վտանգավոր լինել. հետազոտություն

2 մարտի, 2020  10:49

Ինտենսիվ կարդիովարժությունները կարող են նպաստել սրտի հանկարծակի կանգին, նախասրտերի ֆիբրիլյացիային կամ սրտի կաթվածին, նախազգուշացնում են ամերիկացի գիտնականները:

MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ հետազոտողները վերլուծել են 300  գիտական աշխատանքներ եւ պարզել, որ մարդկանց գերակշիռ մեծամասնության համար աերոբիկայի մարզումների օգուտը  ռիսկերը գերազանցում է: Ֆիզիկապես ակտիվ մարդկանց, ինչպես նաեւ սովորական հետիոտնի համար սրտի նոպայի եւ հանկարծամահության վտանգը մինչեւ 50 տոկոսով նվազում է: Սակայն մարաթոնները եւ բազմամարտը սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խափանումների հավանականությունը մեծացնում են:

Բազմամարտի մասնակիցների շրջանում պատահարների գրեթե 40 տոկոսը տեղի է ունեցել նրանց մոտ, որոնք առաջին անգամ են մասնակցել մրցությանը, ինչը կարող է նշանակել անբավարար մարզման կամ սրտի հետ կապված խնդիրների առկայություն: Դեպքերի կեսում սրտի հետ կապված խնդիրները սկսվել են մարաթոնների վերջին 1,5 կիլոմետրին:

Մասնագետների խոսքով՝ չարժե սեփական օրգանիզմը ենթարկել չափից ավելի մեծ ծանրաբեռնվածության. ավելի լավ է ծանրաբեռնվածությունն աստիճանաբար մեծացնել՝ օրգանիզմին հարմարվելու եւ վարժվելու ժամանակ տալով:

Հատկանշական է, որ նախասրտերի ֆիբրիլյացիան (սա կաթվածի զարգացմանը նպաստող առիթմիայի տարածված ձեւն է) զգալիորեն նվազում է չափավոր մարզումների դեպքում, բայց ավելի բարձր է նրանց մոտ, ովքեր նստակյաց կենսակերպ են վարում, ինչպես նաեւ նրանց շրջանում, ովքեր անչափ ինտենսիվ մարզումներով են զբաղվում, օրինակ՝ շաբաթական 100 կմ վազքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում