Սննդակարգում աղի քանակությունը նվազեցումն արյան ճնշումն իսկապես իջեցնում է. հետազոտություն

3 մարտի, 2020  21:45

Սննդակարգում աղի քանակության նվազեցումն օգտակար է բոլոր մարդկանց եւ հատկապես նրանց, ում մոտ արդեն հիպերտոնիա կա կամ սրտի հիվանդությունների զարգացման մեծ հավանականություն: Այս մասին նշված է The BMJ-ում հրապարակված խոշոր հետազոտության մեջ:

Ինչպես հայտնի է, սննդակարգում աղի ավելցուկը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը: Նույնիսկ եթե մենք երբեք մեր կերակուրին աղ չենք ավելացնում, միեւնույն է՝ ահռելի քանակությամբ աղ ենք ստանում մթերքներից, որոնց մեջ արտադրողներն այն ավելացնում են անհրաժեշտ համ հաղորդելու համար:

Նոր մեթավերլուծությունը ընդհանրացրել է 133 հետազոտությունների տվյալները, որոնք վերաբերել են սննդակարգում աղի քանակության նվազեցման ազդեցությանը օրգանիզմի վրա: Հեղինակները հաստատել են, որ մարդը որքան քիչ աղ է ուտում, այնքան նրա արյան ճնշումը ցածր է: Ավելին՝ սննդակարգում նատրիումի քանակության նվազեցումը օգնում է նրանց, ում մոտ հիպերտոնիա է զարգացել: Հետազոտության կարեւոր եզրահանգումներից է նաեւ այն, որ աղի քանակության սահմանափակումները նպաստում են նույնիսկ նրանց ճնշման նվազմանը, որոնց համար դեռեւս չի կատարվել հիպերտոնիայի ախտորոշում:

«Այս հետազոտության կարեւորությունն այն է, որ ցույց է տալիս նատրիումի գործածման նվազեցման հետեւանքով զարկերակային ճնշման նվազումը տարբեր պոպուլյացիաներում, ոչ միայն այն մարդկանց մոտ, որոնք աղի հանդեպ առանձնապես զգայուն են համարվում, օրինակ՝ աֆրոամերիկացիները»,- CNN-ին ասել է Նյու Յորքի Մաունթ Սինայ հիվանդանոցից սրտաբան Իսիլմա Ֆեգրյուսը:

Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ սննդակարգում աղի քանակության կրճատումը ավելի արդյունավետ է տարեցների, սեւամորթների եւ նրանց համար, ում մոտ արդեն հիպերտոնիա է զարգացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում