Մաշկի ծակծկոց եւ նյարդաբանական խանգարումներ. Հայտնի է դարձել կորոնավիրուսի նոր անսպասելի ախտանիշների մասին

18 ապրիլի, 2020  16:48

Նախկինում COVID-19-ի գլխավոր ախտանիշներ էին համարվում հազը, շնչառության դժվարությունը եւ ջերմությունը: Բայց վերջին շրջանում ավելի հաճախ է հայտնի դառնում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման նոր եւ անսպասելի ախտանիշների մասին:

ProHealth Care Associates-ի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի պետ, բժիշկ Դենիել Գրիֆինը պնդում է, որ պարեսթեզիայի երեւույթը (զգայունության խանգարման տեսակ, որն արտահայտվում է մաշկի այրոցով, ծակծկոցով, սարսռմամբ եւ այլ կերպ) կարող է լինել կորոնավիրուսով վարակման նշան:

Ինչպես հայտնում է New York Post-ը, այս խանգարումը լավ հայտնի է շաքարային դիաբետով եւ որոշ աուտոիմունային հիվանդություններով տառապող մարդկանց: Սակայն նույն ախտանիշներից են գանգատվել նաեւ COVID-19-ով մի շարք պացիենտներ. նրանք նկարագրել են այրոցի, ասեղների ծակծկոցի, մաշկի վրա թեթեւ հոսանքահարման զգացողություններ: Այսպիսի զգացողություններ կարող էին առաջանալ մարմնի տարբեր մասերի վրա եւ տարբեր ինտենսիվություն ունենալ:

Մասնագետի խոսքով՝ այսպիսի ախտանիշները կարող են լինել իմունային համակարգի գործունեության հետեւանք:

«Հակամարմինները, որոնք օրգանիզմն օգտագործում է COVID-19 ինֆեկցիայից պաշտպանվելու համար, կարող է խախտել նյարդային համակարգի աշխատանքը՝ առաջացնելով անսովոր, ներառյալ ոչ այնքան հաճելի զգացողություններ»,- պարզաբանել է բժիշկ Գրիֆինը:

Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ունենալ նաեւ այլ նյարդաբանական ախտանիշներ, այդ թվում՝ ձեռքերի եւ ոտքերի ծակծկոց կամ ընդարմացում, հայտնում է Harvard Health-ը:

Մասնագետները նշում են նաեւ հետեւյալ նյարդաբանական խախտումները, որոնք կարող են լինել կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտանիշներ.

Հոտառության եւ համը զգալու ունակության կորուստ Մկանային թուլություն Գլխապտույտ Գլխում «մշուշ» Ուժասպառություն Զառանցանք Ջղակծկումներ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում