Մասնագետը հիշեցնում է. Վիրուսային ինֆեկցիաների ժամանակ հակաբիոտիկների ընդունումը վտանգավոր է

22 ապրիլի, 2020  23:40

Վիրուսային ինֆեկցիաների ժամանակ հակաբիոտիկների ընդունումն անօգուտ է եւ կարող է վտանգավոր լինել, զգուշացնում է ԱՀԿ հակամանրէային ռեզիստենտության հսկողության եւ հետազոտությունների ոլորտում համագործակցության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ռոման Կոզլովը (Ռուսաստան):

«Վիրուսային ինֆեկցիաների դեպքում, որոնց է դասվում նաեւ գրիպը, հակաբիոտիկների նշանակումը սխալ է: Դրանք չեն կանխում բարդությունների զարգացումը, միայն կարող են բակտերիաների ռեզիստենտություն առաջացնել»,- ասել է մասնագետը:

Նա հիշեցրել է, որ հակամանրէային միջոցների անհիմն կիրառումը բերում է ռեզիստենտության տարածման. երբ բակտերիաները հակաբիոտիկների հանդեպ ոչ զգայուն են դառնում: Սա չափազանց լուրջ գլոբալ խնդիր է, որը կարող է հանգեցնել նրան, որ «ամենասովորական» ինֆեկցիոն հիվանդությունները կսկսեն դարձյալ հարյուր հազարավոր մարդկանց սպանել:

«Կատարյալ դեպքում, հակաբիոտիկաթերապիայի անհատականացման համար հակաբիոտիկային դեղամիջոցների ցանկացած նշանակման պետք է նախորդի մանրէաբանական հետազոտություն՝ հարուցիչի (ների) առանձնացմամբ եւ հակաբիոտիկային դեղամիջոցների հանդեպ զգայունության հետագա որոշմամբ: Միանգամայն ակնհայտ է, որ դա մի ամբողջ շարք պատճառներով անհնար է իրականացնել բոլոր դեպքերում, հատկապես ամբուլատոր-պոլիկլինիկական փուլում: Հենց այն նպատակով, որ հակամանրէային դեղամիջոցների նշանակումը համարժեք լինի, անցկացվում են այս կամ այն ինֆեկցիայի հարուցիչների կառուցվածքի եւ հակամանրէային դեղամիջոցների հանդեպ զգայունության բազմակենտրոն հետազոտություններ: Սա կլինիկաներում աշխատող բժիշկներին թույլ է տալիս ստացած տվյալները հաշվի առնելով հակաբիոտիկներ նշանակել կամ չնշանակել»,- ասել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում