Ինչպե՞ս ամռանը խուսափել սեզոնային հիվանդություններից

21 հուլիսի, 2014  14:42

Ամռանը մի շարք սեզոնային հիվանդություններ են բնորոշ, որոնցից առավել տարածված են աղիքային վարակները, թունավորումները, խայթոցներից առաջացած խնդիրները եւ վիրուսները: Թե ինչպես խուսափել այս սեզոնային հիվանդություններից, լրագրողներին պատմեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Աղիքային վարակներ

Առաջին հերթին անհրաժեշտ է պահպանել անհատական հիգիենան, քանի որ կեղտոտ ձեռքերը վարակիչ հիվանդությունների եւ աղիքային ինֆեկցիաների տարածման ամենագլխավոր պատճառն են: Մրգերն ու բանջարեղենը պետք է ոչ թե մի քանի վայրկյան ջրի տակ պահել, այլ մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ: Կրեմով հրուշակեղենից ամռանը ցանկալի է խուսափել, քանի որ ոչ պատշաճ պայմաններում պահպանված կրեմը կարող է վտանգավոր լինել: Նույնիսկ մեկ ժամ առանց սառնարանի մնալուց հետո կրեմում կարող են զարգանալ եւ բազմանալ տարատեսակ վտանգավոր հարուցիչներ: Չստուգված կաթնամթերք գնելը ցանկալի չէ: Ճիշտ է, գյուղի թարմ կաթը շատ գայթակղիչ է, բայց առանց ջերմային մշակման այն կարող է մի շարք վտանգավոր հարուցիչներ պարունակել, որոնցից է, օրինակ, բրուցելյոզի հարուցիչը:

Թունավորումներ

Պատահական վայրերից սունկ չարժե հավաքել, քանի որ Հայաստանում աճող թունավոր սնկերը բավական հեշտ է շփոթել անվտանգների հետ: Սունկ արժե գնել միայն խանութից՝ անպայման ուշադրություն դարձնելով այն բանին, որ սունկը ստուգված լինի մասնագետների կողմից: Ձմերուկից եւ սեխից չթունավորվելու մասին կարող եք կարդալ այս հոդվածում:

Խայթոցներ

Անտառներում տարատեսակ միջատների խայթոցներից կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ: Դրանցից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում անտառ գնալիս հագնել երկարաթեւ վերնաշապիկներ, երկար տաբատներ եւ փակ կոշիկներ: Ցանկալի է, որ հագուստը լինի բաց գույնի՝ բնական կտորներից:

Վիրուսներ

Տարատեսակ վիրուսային հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետեւել անձնական հիգիենային եւ չլողանալ դեկորատիվ լողավազաններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում