Մարդու ուղեղը բույրը գույնի հետ ասոցիացնելու հատկություն ունի

22 հուլիսի, 2014  10:35

Մի խումբ միջազգային փորձագետների նախաձեռնությամբ իրականացված հետազոտություն արդյունքում պարզվել է, որ աշխարհի բոլոր բնակիչների համար վարդագույնը քացրահամ բույր ունի, իսկ նարնջագույնից բորբոսի հոտ է գալիս, հաղորդում է Medical Daily-ն:

Մինչ այժմ կարծիք կար, որ գույն-բույր կապը միայն սինեսթեզիա (համազգացողություն) հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ է գործում: Խոսքը բավականին հազվադեպ բնույթ կրող խանգարման մասին է, որի ազդեցությամբ հինգ զգայարաններից երկուսի կողմից ստացված տեղեկություններն ասոցացվում են միմյանց հետ: Օրինակ՝ երբ մարդը կարողանում է ձայն տեսնել: Որոշ դեպքերում էլ բույրի, երաժշտական նոտայի եւ երկրաչափական մարմնի միջեւ գործող ասոցիացիայի վկայություններ են բացահայտվել:

Եվ ահա պարզվում է, որ բույր-գույն կապը բոլոր դեպքերում եւ առավելապես նյարդաբանական մակարդակով է գործում՝ անկախ մշակույթից եւ բնակության վայրից: Հետազոտության 20 մասնակիցները տարբեր մշակութային խմբերի ներկայացուցիչներ են եղել՝ հոլանդացիներ, Հոլանդիայում բնակվող չինացիչներ, գերմանացիներ, մալայզիացիներ, Մալայզիայում բնակվող չինացիներ եւ ամերիկացիներ:

Փորձագետները նրանց 14-ական՝ տարբեր բույր արձակող եւ 36 երանգ պարունակող գույնապնակով ներկված գրիչներ են մատուցել եւ խնդրել, որ հոտ քաշելուց հետո որեւէ գույնի հետ ասոցիացնեն: Հետազոտության բոլոր մասնակիցները նմանատիպ պատասխաններ են տվել՝ ի հերքումն այն տեսակետի, թե բույր-գույն ասոցիացիայի տեսակը մշակույթային պատկանելությամբ է որոշվում: Ճիշտ է՝ մշակութային խմբերի ներսում նմանությունները, հատկապես՝ մալայզիացիների մոտ, առավել ակնհայտ են գտնվել:: Իսկ ահա «ամերիկյան» խմբում ասոցիացիաներն առավել զգալի տարբերություններով են բնորոշվել:

Այդուհանդերձ, մասնակիցները գրեթե միահամուռ համաձայնել են, որ քաղցրահամ բույրը կարծես թե վարդագույն կամ կարմիր երանգից է գալիս, իսկ բորբոսնած հոտը կարելի է նարնջագույնից եւ շագանակագույնից առնել: Բացի այդ, օճառի բույրը առավելապես բաց գույներից է գալիս, իսկ պլաստիկե իրերից արձակվող հոտը մուգ երանգներին է հատուկ:

Գիտնականներին առավելապես զարմացրել է այն հանգամանքը, որ մասնակիցներից եւ ոչ մեկի մոտ սինեսթեզիայի ախտանշաններ չեն նկատվել: Սովորաբար, այն տարբեր նյարդաբանական ուժգնությամբ 27 մարդուց մեկի մոտ է հանդիպում:

Հուսանք՝ գիտնականներին մի օր կհաջողվի ուղեղի՝ զգայարաններից ստացված տեղեկությունների ընկալման «խաչբառի» առեղծվածը լուծել եւ դրա ողջ ներուժը հասկանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում