Կատուներն իսկապես զգայուն են կորոնավիրուսի նկատմամբ. հետազոտություն

15 մայիսի, 2020  21:11

Կատուներն իսկապես զգայուն են SARS-CoV-2 կորոնավիրուսի նկատմամբ, որը հանգեցնում է COVID-19-ի:  ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից մի խումբ գիտնականներ պարզել են, որ լաբորատոր պայմաններում կատուները հեշտությամբ վարակվում են այդ վիրուսով եւ կարող են վարակել մյուս կատուներին: Հետազոտության գիտական արդյունքները հրապարակված են New England Journal of Medicine պարբերականում:

Հետազոտության ընթացքում վիրուսը, որն առանձնացրել են COVID-19-ով վարակված մարդուց, ներարկել են երեք կատուների օրգանիզմում: Երեք օրվա ընթացքում կատուների անալիզների արդյունքները ցույց են տվել, որ բոլոր նրանք վարակված են: Վիրուսը ներարկելուց հետո հաջորդ օրը վարակված կատուներից յուրաքանչյուրի վանդակում ավելացվել է մեկական առողջ կատու: Վեց օր անց նրանց մոտ նույնպես ախտորոշվել է կորոնավիրուս:

Հետազոտությանը մասնակցած եւ ոչ մի կատվի մոտ չեն հայտնաբերվել հիվանդության նախանշաններ, եւ նրանք բոլորն առողջացել են: Սակայն գիտնականները հիշեցնում են, որ COVID-19-ով վարակված մարդիկ պետք է հիշեն, որ նրանք կարող են փոխանցել վիրուսն իրենց ընտանի կենդանիներին, որոնց մոտ երբեք չեն առաջանում շնչառական հիվանդության ծանր ախտանշաններ:

Հետազոտողները նաեւ մտահոգված են, որ գիտական հետազոտության արդյունքները կարող են սխալ կերպով մեկնաբանվել որպես մարդկանց համար վարակված կենդանիների ներկայացված վտանգի ապացույց: Սակայն ներկայում չկան գիտական հաստատված վկայություններ, որ մարդիկ կարող են վարակվել SARS-CoV-2-ով կատուներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում