Առաջին անգամ նորածնին ցողունային բջիջներ են փոխպատվաստել

21 մայիսի, 2020  10:59

Ճապոնիայի Երեխաների առողջության եւ զարգացման ազգային կենտրոնում պատմության մեջ առաջին անգամ նորածնին ցողունային բջիջներ են փոխպատվաստել: Այս մասին հայտնում է NHK-ը:

Նորածինը, որը վիրահատության պահին տակավին 6 օրական էր, լյարդում սպիտակուցների մետաբոլիզմի պրոցեսի խափանման պատճառով տառապում էր միզանյութի ցիկլի խախտմամբ: Նման դեպքերում սովորաբար կատարվում է լյարդի փոխպատվաստում, սակայն այդ վիրահատությունը կարելի է կատարել միայն 3 ամսական տարիքից: Այս պատճառով ճապոնացի բժիշկները երեխային ցողունային բջիջներ փոխպատվաստելու որոշում են ընդունել:

Որոշ ժամանակ անց ցողունային բջիջները վերջնականապես սերտաճել են նորածնի օրգանիզմում՝ դրանով նպաստելով օրգանի ֆունկցիայի վերականգնմանը: Դրանից հետո նրան շուտով կատարել են լյարդի փոխպատվաստման լիարժեք վիրահատություն:

Ճապոնացի բժիշկները նախատեսում են շարունակել այս մեթոդի հետազոտությունը՝ հետագայում դրա կիրառման ոլորտն ընդլայնելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում