Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արագ հայտնվելը կարող է խնդիրների հանգեցնել. մասնագետ

10 հունիսի, 2020  17:26

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չափից ավելի արագ հայտնվելը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել, կարծում է Imperial College London-ում COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումների ղեկավար, պրոֆեսոր Ռոբին Շաթոքը:

Մասնագետի խոսքով՝ դեռեւս անպատասխան մնացած շատ հարցեր կան. օրինակ՝ գիտնականներն առայժմ չգիտեն, թե պոտենցիալ պատվաստանյութը որքան երկար կարող է ապահովել վարակումից պաշտպանությունը: Ավելին՝ գուցե «վտանգավոր» է մարդկանց պատվաստանյութի դեղաչափ տալը, «քանի դեռ իմունիտետի հետ կապված հանելուկը չի լուծվել», հայտնում է dailymail.co.uk-ը:

Գիտնականներն առայժմ ստույգ չգիտեն՝ նոր վիրուսի առաջացրած կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ արդյոք մշակվո՞ւմ է իմունիտետ, թե՞ մարդիկ կարող են երկրորդ անգամ վարակվել: Սովորական սեզոնային մրսածության ախտանիշներ առաջացնող կորոնավիրուսի մեծ թվով հայտնի շտամների դեմ իմունիտետը պահպանվում է միայն 2 ամիս: Իսկ ահա SARS հիվանդությունն առաջացնող կորոնավիրուսի դեմ իմունիտետը պահպանվում է մոտ 2 տարի:

Կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութերի փորձարկումները հիմա ամենավաղ փուլերում են, եւ առայժմ հավաստի հայտնի չէ՝ պատվաստանյութերը կկարողանա՞ն իմունիտետ ապահովել եւ վարակումից պաշտպանել: Նախատեսվում է Imperial College London-ում մշակված պատվաստանյութը սկսել կամավորներին ներարկել հաջորդ շաբաթից: Սակայն պրոֆեսոր Շաթոքը պնդում է, որ արդյունքը հազիվ թե հայտնվի 2021 թվականից շուտ:

Ավելին՝ նրա խոսքով, իր թիմը չի մրցակցում Oxford University-ից թիմի հետ, որը նույնպես աշխատում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Այս թիմի պատվաստանյութն, ի դեպ, փորձարկումներ է անցնում ապրիլի 23-ից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում